Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը խոշոր աֆյորա է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ օրենքը որակելով հակասահմանադրական:
«Այս օրենքի պատճառով շատ երիտասարդներ հեռանալու են երկրից: Մենք այդ գումարներն ուղղակի նվիրում ենք օտարին: Որտե՞ղ է տրամաբանությունը, երբ աշխատող մարդը իր վաստակի մեծ մասը թողնում է պետությանը: Այսօր շատ ընտանիքներ երեխա չեն ունենում զուտ ֆինանսական դժվարությունների պատճառով»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն էլ իր հերթին նկատեց, որ օրենքն ամենևին էլ հակասահմանադրական չէ:
«Պարտադիր կուտակայինի միջոցները հանձնելով ոչ թե ՀՀ կառավարությանը կամ Կենտրոնական բանկին, այլ արտասահմանյան ֆոնդերին՝ մենք փորձում ենք նվազագույնի հասցնել նույն այդ միջոցների ռիսկերը: Ֆինանսական միջոցները կառավարողը և վերահսկողը չի կարող միևնույն մարմինը լինել: Այն կառույցը, որին հանձնվում են միջոցները, ապացուցել է, որ ճիշտ է կառավարում դրանք: Այն պարտավորվել է թափանցիկ գործել, մենք կարող ենք մոնիթորինգի ենթարկել մեր իսկ միջոցները:
Ինչ վերաբերում է նրան, որ ֆոնդերից մեկը գրանցված է օֆշորային գոտում, ապա օֆշորում գրանցված ընկերությունը դեռ չի նշանակում ինքնին անազնիվ ընկերություն: Ուրիշ բան, որ այս պատճառով նա կարող է կասկածների տեղիք տալ: Ես անձնապես խոստանում եմ զբաղվել այս հարցով, սակայն ակնհայտ է, որ հարցով պետք է զբաղվեն կառավարությունն ու ԿԲ-ն»,- ասաց պատգամավորը:
Մանվել Բադեյանի խոսքով՝ պարտադիր կուտակայինի օրենքը թաքուն չի ընդունվել, այլ երեք տարի առաջ՝ ԱԺ-ում երրորդ ընթերցմամբ: «ՀՀԿ-ին չի վախեցնում այն, որ այս հարցի շուրջ համախմբվել են չորս ընդդիմադիր ուժերը»,- ասաց նա:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին՝ հանրապետական գործիչը նկատեց, որ դրան նորմալ է վերաբերվում: «Ես Քոչարյանի գլխում չեմ ապրում և չգիտեմ՝ ինչ է մտածում՝ քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալու մասին»,- ասաց Բադեյանը:
Քոչարյանի վերադարձի պարագայում արդյոք ՀՀԿ-ն կարո՞ղ է երկրորդ նախագահի հենարանը լինել՝ հարցին խորհրդարանականը հարցով պատասխանեց. «ՀՀԿ-ն Քոչարյանի հետ ի՞նչ կապ ունի»:
Արամ Սարգսյանն էլ նկատեց. «Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանն իրար հետ լավ էլ աշխատում էին. 17 տոննա ոսկին վաճառեցին՝ ախ էլ չարեցին, այնպես որ՝ այս բանավեճը ոչինչ չի նշանակում: Մենք չենք կարող վատը վատի հետ համեմատել»,- ասաց նա:











































