Վերջին տասը, քսան տարում Հայաստանի տնտեսական քաղաքականությունը եղել է իրավիճակային: Այսինքն՝ որոշումներ են կայացվել այս կամ այն իրավիճակներից ելնելով: Երևանում անցկացվող «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ այս մասին նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
«Այժմ անհրաժեշտ է, որ նոր կառավարությունը գործի համակարգային մոտեցմամբ: Ես ողջունում եմ այս համաժողովի կազմակերպումը, այն լավ հնարավորություն է, որ տնտեսական, ֆինանսական ոլորտի մասնագետները մատնանշեն խնդիրները, կոնկրետ առաջարկություններով հանդես գան»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ այս տարվա ամենամեծ ակնկալիքը ետհեղափոխական կայունություն ապահովելն է, ինչը կա: Տնտեսագետը նշեց, որ դրական տեղաշարժեր են նկատվում վարկավորման ուղղությամբ, այդտեղ աճ է արձանագրվել:








































