ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն և JP Morgan-ի ղեկավար Ջեյմի Դայմոնը հայտարարել են, որ որոշակի կասկածներ ունեն վիրտուալ դրամական միավորի հետ կապված:
Դավոսյան ֆորումի շրջանակներում ԱՄՆ ֆինանսական ոլորտի գլխավոր ներկայացուցիչներն առաջին անգամ հրապարակավ հայտարարել են bitcoin-ի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին:
CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Լյուն հայտարարել է, որ այդ, այսպես կոչված, դրամական միավորը համարում է «ֆենոմեն, որն անհրաժեշտ է քննարկել»: Լյուն ասել է նաև, որ իշխանությունները պետք է ուշադիր հետևեն դրա զարգացմանը: Բացի այդ, bitcoin-ը կարող է գործածվել նաև որպես հանցագործներին և ահաբեկիչներին ֆինանսավորելու աղբյուր:
ԱՄՆ պետական գանձարանի ղեկավարը հայտարարել է, որ քննարկել է այդ հարցը Ջեյմի Դայմոնի հետ, և իրենք կիսում են «որոշակի կասկածներ՝ կապված bitcoin-ի ֆենոմենի հետ»:
JP Morgan-ի ղեկավարը նշել է, որ իր կարծիքով՝ bitcoin-ը չի ընդունի աշխարհի ոչ մի կառավարություն, բացի այդ՝ այն հիմնականում օգտագործվում է ապօրինի նպատակներով:











































