ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղել է Հարավային Կորեա այց կատարած առողջապահության զբոսաշրջիկների թվում: Հարավային Կորեայի զարգացող բժշկական զբոսաշրջային ոլորտն առաջին անգամ ներգրավել է օտարերկրյա պետության ղեկավարի: Վերջերս այնտեղ Հայաստանի նախագահը անցել է երիտասարդացման կուրս:
Հարավկորեական «Չոսուն իլբո» թերթի կայքը հայտնում է, որ Սերժ Սարգսյանը սև սեդանների շարասյան և ոստիկանության ուղեկցությամբ հունվարի 9-ին ժամանել է մայրաքաղաք Սեուլի Գանգնամ շրջանի Chaum Center կլինիկա, որը ղեկավարում է CHA Health Systems կորպորացիան:
Սարգսյանին ուղեկցողներից մեկը եղել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով անցած տարի Պուտինի պետական այցի ժամանակ եղել էր նրա ուղեկիցների թվում և օգտվել է կլինիկայի ծառայություններից:
Մեկ շաբաթվա ընթացքում խումբն ամեն օր այցելել է կլինիկա, օգտվել հակատարիքային թերապիայից, մարմնի հարթեցման միջոցներից, մերսումներից, քաշի կարգավորման ծրագրերից, սպա ծառայություններից ու ցողունային բջիջների թերապիայից: Խումբը ընդհանուր վճարել է 200 մլն վոն (US$1=W1,076) և հեռացել հունվարի 17-ին:
2010 թվականին բացվելուց հետո կլինիկան իր ծառայություններն է մատուցել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած օլիգարխների: Անցած տարի Հարավային Կորեան առողջապահության ավելի քան 200 հազար օտարերկրացի զբոսաշրջիկ է ունեցել: Առողջապահության նախարարությունն ակնկալում է մինչև 2020 թվականն այդ ցուցանիշը հասցնել 1 միլիոնի:












































