ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության՝ հեռախոսազրույցները գաղտնալսելու ծրագիրը օրինական է համարվում, սակայն դրանում կսահմանվեն փոփոխություններ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին:
Նրան խնդրել են մեկնաբանել անձնական կյանքի անձեռնմխելիության և քաղաքացիական ազատությունների վերաբերյալ անկախ հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունները: Ըստ հանձնաժողովի զեկույցի՝ այդ ծրագիրն օրինական չէ, ուստի այն չպետք է գործի:
Քարնին խոստովանել է, որ նախագահ Օբաման հաշվի է առել հանձնաժողովի խորհուրդները՝ կապի տարբեր միջոցներով տեղեկություններ հավաքելու հետախուզական գործունեությունը վերանայելիս:
Սակայն նրա խոսքով՝ Սպիտակ տունը համաձայն չէ այն բանի հետ, որ ծրագիրն օրինական չէ: «Մենք ուղղակի համաձայն չենք ծրագրի օրինականության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունների հետ: Այնուամենայնիվ, նախագահը կարծում է, որ մենք դրանում կարող ենք փոփոխություններ սահմանել, ինչը ԱՄՆ քաղաքացիներին թույլ կտա դրան վերաբերվել մեծ վստահությամբ: Ըստ էության, նախագահը հայտարարել է, որ ծրագրի գործունեությունը այն տեսքով, ինչպիսին այն այժմ գոյություն ունի, կդադարեցվի»,- ասել է Քարնին:










































