Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի քրեական գործով արված բացահայտումները հեղափոխական է համարում և կարծում է, որ գործի քննությունն ընթանում է ճիշտ ուղղությամբ: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նման կարծիք հայտնեց նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը:
«Դեպքի վայրից ապացույցները հավաքեն քննչական մարմնի ղեկավարի գլխավորությամբ: Դուք պատկերացնում ե՞ք, թե դա ինչ է նշանակում: Այդ ապացույցները տանեն պահեն, հետո հանձնարարեն գնալ նոր ապացույցներ ստեղծել, բերել հանձնել, դրանք ներկայացնել որպես ապացույց, պատկերացնում ե՞ք՝ սա ինչ է նշանակում»,- ասաց վարչապետը:
Վարչապետը տարակուսանք հայտնեց, որ Մարտի 1-ի գործի քննության արդյունքում տեղի ունեցած բացահայտումները նույնքան լայն քննարկման առարկա չեն դառնում, որքան այն հանգամանքը, որ տրանսպորտի նախարարը մեկ անգամ «փետրվարի 31» է ասել:











































