Անցած վերջին օրերին ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ճգնաժամը վերածեց իսկական դիվանագիտական պատերազմի նոմինալ դաշնակիցներ համարվող Հայաստանի և Բելառուսի միջև։ Սա ավելի քաղաքակրթական վեճ է, որն ավելի խորքային արմատներ ու խնդիրներ ունի, քան նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը։
Կարծես թե ստեղծվել է աննախադեպ իրավիճակ այս ընտրությունների շուրջ, ինչպե՞ս կգնահատեք Լուկաշենկոյի հակահայկական դեմարշը և ի՞նչ ուղերձներ է պարունակում արտգործնախարարության տարածած վերջին հայտարարությունը «Առաջին լրատվական»-ի հարցին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Կարծում եմ, որ այդտեղ ներքաշված են ոչ միայն Հայաստանն ու Բելառուսը, այլ նաև Ղազախստանը, որը այո, մասամբ քաղաքակրթական կոնֆլիկտ է, որովհետև, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, գոնե Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարների համար մարտահրավեր է։ Այն, ինչ Հայաստանի համար այլևս համարվում է քրեական հանցագործություն, իշխանության զավթում և այլն, և այլն, այդ երկրների համար նորմալ կառավարման և ներքին կոնֆլիկտների հաղթահարման միջոց է։ Այսինքն՝ ուժի կիրառումը ըմբոստ հասարակության դեմ, դա նորմալ է, այդպես են կառավարվում այդ երկրները»։
«Այդ կարգի վարքագիծը, ինչպես նաև կոշտ հայտարարությունները ինչ-որ տեղ պետք է ծառայեն հօգուտ այն քաղաքական ուժերին, որոնք այլընտրանք են «Իմ քայլը» դաշինքին, և ամեն դեպքում ձայների վրա ազդելու, ընտրությունների վերջնական արդյունքների վրա ազդելու նպատակ այստեղ ակնհայտորեն կա»,- հավելեց Բորիս Նավասարդյանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։







































