«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը
– Պարոն Հայրապետյան, այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Ուկրաինայում, ըստ Ձեզ, ինչքանո՞վ է կառավարվում դրսից: Այս իրադարձությունների ֆոնին ի՞նչ է սպասվում Հայաստանին:
– Ուկրաինական զարգացումները շատ քիչ աղերսներ ունեն հայաստանյան խնդիրների հետ, և ուղղակի անդրադարձեր ակնկալել պետք չէ: Իսկ նման դեպքերում դրսից կառավարում են ճիշտ այնքան, որքան տվյալ հանրույթի ընտրանին հակված է կառավարման, ենթարկման, սեփական շահն անգիտանալու:
– Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, այնտեղ ընտրվեց քաոսային տարբերակը:
– Ռուսական կայսերական քարոզչության տրամաբանության շրջանակներից է այդ մտայնությունը, թե ինչ-որ ուժեր են ուկրաինացի ժողովրդի փոխարեն ընտրում տարբերակները: Բացի այդ՝ եթե անգամ ներկա վիճակը համարենք քաոսային, որին շատ մեծ վերապահությամբ կարելի է համաձայնել, ապա դրա միակ հեղինակը Ուկրաինայի գործող նախագահի կողմից հակաժողովրդավարական օրենքների ընդունումն է: Չի կարելի Եվրոպայում ապրող, քրիստոնեական հազարամյա ավանդույթներ ունեցող ժողովրդին պարտադրել հյուսիսկորեական խավար, չի կարելի պատմության անիվը ետ շրջել: Եթե անգամ հանգրվանային հաղթանակ արձանագրի Ուկրաինայի գործող նախագահը, միունույն է, նա խայտառակ վախճան է ունենալու:
– Մաքսային միությանն անդամագրվելու՝ Հայաստանի կառավարության կտրուկ քայլերին զուգահեռ՝ նկատելի է մեր հասարակության պասիվությունը՝ թե՛ քաղհասարակության, թե՛ քաղաքական, իրենց ընդդիմադիր համարող ուժերի, ինչո՞ւ՝ Ձեր կարծիքով: Հատկապես շատ են զուգահեռներ տարվում Ուկրաինայի հետ:
– Նախ՝ Ուկրաինայի հետ զուգահեռներ անցկացնելը կոռեկտ չէ, քանի որ տարբեր են թե՛ խնդիրները, թե՛ հանգամանքները, թե՛ կոնյունկտուրան: Երկրորդ՝ Մաքսային միությանը միանալուն մեր հասարակության հակադրման աստիճանը միանգամայն ադեկվատ է: Այլ խնդիր է քաղաքական ոչ լուսանցքային ուժերի պահվածքը. չէ՞ որ նրանք բոլորը ռուսական ազդեցության ներկայացուցիչներ են, եթե ոչ ավելի ամոթալի մի բան: Նրանցից այլ բան հուսալը կամ ակնկալելն իրատեսական չէ:
– Առհասարակ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր պետք է արվեն եկող 2014 թվականին, որպեսզի ՄՄ–ին անդամագրվելու հետ մեկտեղ Հայաստանի դուռը դեպի Եվրամիություն վերջնականապես չփակվի:
– Դեպի Եվրոպական միություն Հայաստանի դռները երբեք չեն փակվի, քանի որ փակողը ո՛չ մեր քաղաքական վերնախավն է, ո՛չ էլ նրանց մոսկովյան տերերը: Պարզապես ամեն բան իր ժամանակն ունի: Իսկ 2014 թվականի առաջին եվրոպական մեր քայլը կարող է լինել հայաստանյան քաղբանտարկյալների խափանման միջոցը փոխելը:
– ԱԺ 4 ոչ իշխանական ուժեր հունվարի 18-ի հանրահավաքին միավորվեցին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Ըստ Ձեզ՝ սա ֆունդամենտալ հարցերի վերաբերյալ միավորման նախադեպ լինել կարո՞ղ է:
– Ո՛չ, չի կարող, քանի որ նրանք ինքնուրույնաբար չեն կարող ո՛չ միավորվելու, ո՛չ չմիավորվելու որոշում ընդունել: Նրանք կանեն այն, ինչ իրենց կհրահանգվի:
– Իշխանափոխության հասնելու համար, շատերի հավաստմամբ, անհրաժեշտ է բոլորովին նոր ընդդիմադիր բևեռի ձևավորում, համակարծի՞ք եք արդյոք:
– Իշխանափոխությունը երբեք չի կարող և պետք էլ չէ, որ ինքնանպատակ լինի. անգլիական պահպանողականները մի շատ լավ ասույթ ունեն՝ երբեք չի կարելի մեկ վատը մեկ այլ վատով փոխարինել: Խնդրի դրվածքը պետք է ողջամիտ դարձնենք – ինչի՞ն ընդդիմադիր. արդյո՞ք գործող իշխանությանը, թե՞ իշխանության տրամաբանությանը: Իշխանափոխության նպատակով ընդդիմադիրների փոփոխություն մեր արդի պատմությունը բազմիցս տեսել է, և արդյունքը զրոյական է, քանի որ տրամաբանության փոփոխություն չի եղել: Եվ եթե Ձեր ասած ընդդիմադիր բևեռի նպատակը ևս պետք է լինի գլխավոր խնդրից ածանցված խնդիրների դեմ ավելի արդյունավետ պայքարը, ապա դա հեքիաթ է՝ զուտ մանիպուլյացիոն նպատակներով: Եթե իշխանափոխությամբ չի լուծվելու քաղաքակրթական բևեռների փոփոխության հիմնախնդիրը, ապա մեծ հաշվով ոչինչ էլ չի փոխվելու դեպի լավը, և կրկնվելու է սոսկ էժանագին ներկայացումը՝ ցուցքը, որ հացի հետ միասին նետվում է զանգվածներին:
– Վերջին շրջանում քաղաքական կյանքում որոշակի աշխուժություն նկատվեց ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցներից հետո: Ասում են նաև, թե նա կարող է լինել ընդդիմության առաջնորդ և շուրջը միավորել տարբեր խնդիրներից բողոքող զանգվածին, ինչքանո՞վ եք համամիտ:
– Մեր պատկերացմամբ՝ չկա և առաջիկայում չի կարող լինել երկրի առջև ծառացած հիմնական՝ քաղաքակրթական խնդիրը լուծելու կոչված ոչ լուսանցքային քաղաքական ընդդիմություն, ուստի՝ թե բեմականացման մեջ ով կղեկավարի իշխանությունից չտարբերվող ընդդիմությանն ու հանրային դժգոհ բեկորներին, բացարձակապես նշանակություն չունի: Երկրորդ նախագահի՝ այդ ներկայացման դեկորների շարքը նետվելը նրա անձնական խնդիրն է՝ լավագույն դեպքում: Երևում է, որ նա պարզապես լավ է սերտել իր ժամանակվա բանկիրի և այսօրվա վարչապետի դասը՝ կիթից առաջ գոլ ջրով լվանալ կուրծը:











































