ԲՀԿ-ն ընտրություններին ներկայանալու է կոնկրետ, առարկայական ծրագրով, որտեղ նորից շեշտադրումն արվելու է սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ իրենք քարոզարշավն իրականացնելու են այլ ուժերի հետ համերաշխության մթնոլորտում՝ չփորձելով նախահարձակ լինել. «Եթե քաղաքական ուժեր կամ գործիչներ փորձեն խախտել այս կանոնը, բնականաբար, դա անարձագանք չի մնա, բայց մենք ընտրությունների չենք գնում որևէ ուժի սևացնելու հաշվին մեզ սպիտակեցնելու ճանապարհով: Մենք երբեք այդպիսի ճանապարհ չենք ընտրել»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:
Անդրադառնալով նոր խորհրդարանում ՔՊ-ի հետ կոալիցիա ստեղծելու հնարավորությանը՝ նա ընդգծեց. «Այս պահի դրությամբ որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիոն ձեիաչափով համագործակցելու վերաբերյալ քննարկում չի եղել, այդպիսի տեսակետ չի դրվել շրջանառության մեջ: Ինչ էլ հիմա ասեմ, գուշակությունների դաշտից կլինի»: