Այսօր Հայաստան են ժամանում ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեստա Ուոլանդերը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
Ըստ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի՝ բարձրաստիճան ռազմական պաշտոնյանների այս այցը որոշակի կապ ունի ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։ Այցն ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլի հետ, արդյո՞ք Կազանի հանդիպման արդյունքն է այն իրականացնելու անհրաժեշտությունը ստեղծել՝ հարցրինք Արծրուն Հովհաննիսյանին։ Ռազմական փորձագետի կարծիքով՝ որևէ կապ չկա «կարգավորման բեկումնային, զիջողական տրամադրությունների» և ԱՄՆ ՊՆ-ից ու ՆԱՏՕ-ից հյուրեր ունենալու միջև։ «Մենք շատ կայուն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ այնպես, ինչպես շատերը կերազեին։ Պաշտպանության ոլորտում բարեփոխումներ իրականացնելիս առաջնորդվում ենք արևմտյան ստանդարտներով, որովհետև հենց Ռուսաստանն էլ է Արևմուտքից սովորում»,- ասում է փորձագետը։
Արծրուն Հովհաննսիյանը որևէ կապ չի տեսնում նաև այս այցի և Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգման՝ Պետդումայի որոշման հետ։ «Ամերիկացիները շատ լավ գիտեն՝ ինչպես ենք մենք համագործակցում Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը։
Ռազմական փորձագետը հիշեցնում է, որ սա ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեստա Ուոլանդերի առաջին այցը չէ Հայաստան. վերջին անգամ նա Հայաստան էր այցելել 2010 թ. հոկտեմբերին, ուստի այսօր կայանալիք այցը զուտ հերթականն է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շարքից։











































