Երբ որոշ ժամանակ առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է էապես թարմացված կազմով, տեսական հույսեր էին արթնացել, որ ԲՀԿ-ն գնում է իրական ռեբրենդինգի ճանապարհով, թեև ինքնին հասկանալի է, որ ԲՀԿ-ում իրական արդիականացում տեղի ունենալ չի կարող, քանի կուսակցության ղեկին կանգնած է Գագիկ Ծառուկյանը, որի համար քաղաքականությունն ընդամենը բիզնես պրոյեկտ է։
ԲՀԿ-ն դասական իմաստով կուսակցություն երբեք չի եղել, որովհետև այնտեղ հավաքված մարդիկ իրենց անձնական ու քաղաքական կոմֆորտի դիմաց սպասարկել են մեկ մարդու շահեր, որոնք միշտ չէ, որ քաղաքական են եղել ու ավելի շատ միտված են եղել Ծառուկյանի օլիգարխիկ հետաքրքրությունների սպասարկմանը։
Թավշյա հեղափոխությունն ուղղված էր ավտորիտարիզմի ու օլիգարխիայի դեմ՝ առհասարակ, ու եթե դրա առաջին փուլում հիմնական թիրախը Սերժ Սարգսյանն էր, ապա չի նշանակում, որ օլիգարխիկ մյուս կառույցներն իրենց կարող են ապահովագրված համարել նոր իրավիճակում։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները Գագիկ Ծառուկյանի համար պետք է դառնային քննություն, նոր իրողություններին ադապտացվելու շանս։ Ինքնին հասկանալի է, որ քաղաքականության մեջ մնացած վերջին օլիգարխը այն լքելու է ամեն դեպքում, սակայն քաղաքական վերջաբանը հնարավոր է ձևակերպել տարբեր եղանակներով՝ այդպիսով օգտակար լինելով կամ խոչընդոտելով նոր համակարգի կայացմանը։
Ծառուկյանը, չնայած հրապարակային խոստումներին, հետևողականորեն գնում է ժամկետանց ստատուս քվոն պահպանելու ճանապարհով՝ կամա թե ակամա հակադրվերով հեղափոխության համատեքստին, որովհետև նախկին համակարգի բաղադրիչ ԲՀԿ-ն չի կարող որևէ լուրջ դերակատարության հավակնել նոր Հայաստանում։
Այս օրերին ուրվագծվում է ԲՀԿ թեկնածուների մոտավոր ցանկը, ու հասարակությունը բացարձակապես չի տեսնում նոր դեմքեր։
Քրեական հետագիծ ունեցող Նապոլեոն Ազիզյանը, օրինակ, ոչ միայն մտադիր է կրկին պատգամավոր դառնալ, այլև իրեն համեմատում է Թրամփի հետ՝ թերևս քաջալերվելով այն հանգամանքից, որ Գագիկ Ծառուկյանը ոգևորված է ԱՄՆ գործող նախագահի նախադեպով։ «Չեմ կարծում, որ իմ տարիքը չի բռնում, որ ես պատգամավոր լինեմ։ Թրամփը եթե կարա լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, ես մի հատ փոքր շրջանում երևի կարամ դեպուտատ լինեմ»,- ասել է Ազիզյանը։
Կամ նման հավակնություններ ունի Տիգրան Ստեփանյանը, ով 11 տարի պատգամավոր է, սակայն որևէ անգամ ելույթ չի ունեցել՝ փոխարենը մի քանի անգամ հայտնվելով քրեական սկանդալային պատմությունների կիզակետում։
Ծառուկյանի ցուցակով դարձյալ պատգամավոր դառնալու ցանկություն ունի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հայտնի Վարդանիկը, որի հետ առնչվող քրեական պատմությունները բավարար են մի ամբողջ գիրք գրելու համար։ Էջմիածինցի Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտ, թերևս համարում է, որ գեներալ Մանվելի ազատազրկումից հետո հայրենի քաղաքում բացվել է իր աստեղնային ժամը։ Ու այսպես ցանկը կարող ենք շարունակել։
Ամբողջ խնդիրն այն է, որ նման կադրային «բեռով» ընտրությանը մասնակցելն ինքնին հակահեղափոխության ռևանշի դրսևորում է՝ չնայած այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցները սկսվում և վերջանում են Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդումներ տալով։
Հեղափոխությունն ուղղված է եղել ավտորիտարիզմի, օլիգարխիայի դեմ ու այս իմաստով իրավունք չունի հանդուրժելու օլիգարխիայի ու կրիմինալի որևէ ներկայություն քաղաքական դաշտում։ ՀՀԿ-ն կարող է ընտրություններին մասնակցել սոլիդ համամասնական ցուցակով, սակայն համառորեն չի ցանկանում ազատվել Սերժ Սարգսյանի քրեաօլիգարխիկ ստվերից, ուրեմն էությամբ շարունակում է մնալ հին համակարգի ռեստավրացիան խորհրդանշող քաղաքական ուժ՝ անկախ ՀՀԿ գործիչների եվրոպական կերպարներից և գեղեցիկ գրառումներից։ Գագիկ Ծառուկյանը «դոշ» չի տալու այս ընտրություններում, սակայն հնարավորություն ուներ խորհրդարան բերել քաղաքական թիմ, որն իր հեռանալուց հետո կարող էր նոր ընդդիմության նիշը լրացնել։ Սակայն Գագիկ Ծառուկյանն ըստ ամենայնի մտադիր է կրկնել ՀՀԿ-ի սխալը ու դառնալ նոր համակարգի «կույրաղիքը»՝ առանց քաղաքական նոր ասելիքի ու թիմի։ Այդ տրամաբանության համատեքստում նա չի կարող դիմանալ մրցակցությանը խորհրդարանական առաջիկա ընտրություններում, որոնց օրակարգում դարձյալ ակտուալ է «սևերի» դեմ պայքարը։
ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց էությամբ առաջիկա ընտրական գործընթացի «սևերն» են։ Ընդ որում՝ այս պարագայում «գույնն» ընտրել են հենց իրենք։










































