Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ սկսվում է Վլադիմիր Մկրտչյանի գործի դատավարությունը:
25-ամյա Վլադիմիր Մկրտչյանը Արարատի մարզի Այնթապ գյուղի տարածքում գործող «Կոնտինենտալ» հյուրանոցառեստորանային համալիրում աշխատել է որպես մատուցող:
2013 թվականի հոկտեմբերի 14-ին Մկրտչյանը համալիրի խոհանոցում վիճաբանել է խոհարարներ Հայկ և Կարեն Պետրոսյանների հետ: Խոհարար Սամսոն Ասատրյանը և նրա օգնական Հարություն Հովհաննիսյանը միջամտել են, կռվողներին բաժանել:
Չհանգստանալով՝ Վլադիմիր Մկրտչյանը վերցրել է խոհանոցային դանակը, մոտեցել ու ցանկացել է հարվածել Հայկ Պետրոսյանին: Սակայն Մկրտչյանն իր կամքից անկախ այդ հանցագործությունը մինչև վերջ չի հասցրել, այլ դանակով սխալմամբ հարվածել է Հայկին մի կողմ տանող Հարությունին ու պատճառել նրա կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Վլադիմիր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-112 հոդվածի 1-ին մասով: Նրա խափանման միջոցը կալանավորումն է:







































