SplashData ընկերությունը հրապարակել է անհուսալի ծածկագրերի ամենամյա վարկանիշը՝ հիմնվելով կոտրված օգտահաշիվների մասին տվյալների վրա:
Երկար ժամանակ առաջին տեղը զբաղեցրել է password բառը, սակայն 2013-ին դրան փոխարինել է 123456 թվերի համադրությունը՝ ասվում է ընկերության պաշտոնական կայքում: Այս մասին փոխանցում է «Վզգլյադը»: Այնուհետ գալիս են այնպիսի պարզունակ ծածկագրեր, ինչպիսիք են qwerty-ն , abc123-ը և iloveyou-ն:
Վարկանիշում շատ են նաև բառերն ու տառերի համադրությունները՝ կապված Adobe ընկերության արտադրանքի հետ, քանի որ անցած տարի կոտրվել է այդ ընկերության օգտատիրական տվյալների բազան:
Splash Data-ի տնօրեն Մորգան Սլեյնի խոսքով՝ adobe123 կամ photoshop ծածկագրերը հուշում կծառայեն այն մասին, որ պետք չէ ընկերության կամ դրա արտադրանքի անունը կիրառել նրա կայքում օգտահաշիվ գրանցելիս:
Թոփ 20-ն այսպիսին է՝ 123456, password, 12345678, qwerty, abc123, 123456789, 111111, 1234567, iloveyou, adobe123, 123123, sunshine, 1234567890, letmein, photoshop,1234, monkey, shadow, 12345, password1:










































