«Արթիկ» ՔԿՀ-ում մի քանի օր շարունակ հացադուլ հայտարարած դատապարտյալ Արթուր Այվազյանը՝ Մանախ մականվամբ, այսօր դադարեցրել է հացադուլը:
Այվազյանը քրեակատարողական հիմնարկից զանգահարելով «Առաջին լրատվական»-ին՝ ասաց, որ հացադուլը դադարեցրել է, քանի որ իր պահանջները բավարարվել են: Նա պահանջում էր իրեն տրամադրել իր անձնական գործից որոշ փաստաթղթեր, որոնցով պետք է հիմնավորեր Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված իր գրությունները: ՔԿՀ վարչակազմը, սակայն, հրաժարվել էր տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչից հետո Այվազյանը հացադուլ էր հայտարարել:
Այվազյանը նաև հավելեց, որ իր նկատմամբ բռնություններ, խոշտանգումներ չեն եղել, ոչ ոք իր խցի դռնից ներս չի մտել: «Ես դիմումով տեղեկացրել եմ հացադուլի մասին, դիմումում նշել եմ, որ իմ նկատմամբ ՔԿՀ վարչակազմի կողմից սկսվել են քաղաքական հետապնդումներ, և սկսեցի հացադուլը, որից հետո ՔԿՀ պետն ասաց, որ ինքը տեղյակ չի եղել, իրեն ճիշտը չեն զեկուցել, և իմ պահանջած փաստաթղթերը փաթեթով կտրամադրեն ինձ: Երբ իմ պահանջը բավարարվեց, ես էլ դուրս եկա հացադուլից»,- ասաց Այվազյանը:
Նշենք, սակայն, որ Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը որպես Այվազյանի հացադուլի պատճառ ասել էր՝ հատուկ պատճառ չկա, Արթուր Այվազյանն իրեն համարում է քաղբանտարկյալ և հացադուլ է անում:
«Գոռ Ղլեչյանը պաշտոնեական կեղծիք է կատարել: Ես իմ հացադուլի դիմումի մեջ հստակ ձևակերպել եմ հիմքերը, իսկ թե Գոռ Ղլեչյանը որտեղ է տեսել, որ ես պահանջում եմ ինձ քաղբանտարկյալ ճանաչել՝ հայտնի չէ»,- ասաց նա:









































