Արարատի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանը հերքում է ուրբաթ օրը ծննդաբերության ժամանակ մահացած նորածնի ծնողների այն մեղադրանքները, թե երեխայի մահվան մեջ բժիշկներն են մեղավոր: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Եղել է նորմալ, առանց խնդիրների ծննդաբերություն: Պարզապես հենց սկզբից պտղաջրերի հետ առաջինը պորտալարն է դուրս եկել: Երեխայի գլուխը շատ արագ՝ 3-4 րոպեում իջավ ներքև՝ կոնքի խոռոչ՝ սեղմելով պորտալարը: Տեղի ունեցավ սնուցման խանգարում, պտղի սրտի կանգ: Այնպես որ՝ կեսարյան հատում կատարելու, մորը անտեղի վիրահատության ենթարկելու կարիք այլևս չկար»,- նշեց հիվանդանոցի տնօրենը:
Նա չբացառեց, որ մահացած նորածնի ծնողները դատի տան իրենց, սակայն նաև փաստեց, որ իրադարձությունները կատարվել են 5-6 հոգանոց բուժանձնակազմի աչքի առջև: «Ինձ նույնիսկ չեն հասցրել կանչել»,- նշեց Արայիկ Սարդարյանը:
Առողջապահության նախարարությունից էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ այս պահին զբաղվում են դեպքի ուսումնասիրմամբ և հավելյալ տեղեկություններով հանդես կգան ավելի ուշ, երբ պատրաստ կլինեն անհրաժեշտ բոլոր տվյալները:
Հիշեցնենք, որ Արարատի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում անցած ուրբաթ օրը գրանցվել է նորածնի մահացության դեպք. 23-ամյա կնոջ ծննդաբերության ժամանակ հնարավոր չի եղել փրկել նորածնի կյանքը: Երեխայի հարազատները մեղադրում են բժիշկներին:
Երեխայի հայրը՝ Արարատ գյուղի բնակիչ Գառնիկ Ոսկանյանը, Lragir.am-ի հետ զրույցում ասել է, որ ծննդաբերությունից երկու օր առաջ կինը նույն բուժհիմնարկում հետազոտվել է, բժիշկներն ասել են՝ ոչ մի խնդիր չկա, և հանկարծ ծննդաբերության ժամանակ առաջացել են պորտալարի հետ կապված բարդություններ:











































