ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ազատվել է իր պաշտոնից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, անդրադառնալով հարցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի ազատվելը ենթադրո՞ւմ է, որ Մարտի 1-ի գործով մեղադրանքին ընթացք է տրվելու, նշեց, որ, ըստ երևույթին, այդ կապակցությամբ է ետ կանչվել. «Սխալ արվեց զուտ արարողակարգային առումով, պետք է հետ կանչվեր, հետո մեղադրանք առաջադրվեր, դիվանագիտական առումով փոքր վրիպում արվեց: Դրա շուրջը ՀԱՊԿ-ում կրքեր սկսեցին բորբոքվել, դա բնականաբար տեղափոխվեց Հայաստան, և քանի որ ընդդիմության ախորժակը շատ մեծ է՝ ամեն կերպ վատաբանել և խանգարել հեղափոխության ընթացքին, սրա վրա մեծ խաղադրույք դրվեց, բայց այդ բոլորը ի չիք եղավ: Հիմա այդ էջը փակվում է, բոլորովին այլ սպասելիքներ կան առջևում»:
«Պարոն Խաչատուրովն այլևս ՀԱՊԿ քարտուղար չէ, նա մեղադրյալ է Մարտի 1-ի գործով»,- նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա կարծիքով՝ նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ անվտանգության խորհրդի համաժողովի ժամանակ կորոշվի՝ Հայաստանը պետք է ներկայացնի նոր թեկնածու այդ պաշտոնի համար, թե՞ այբբենական կարգով պաշտոնը կանցնի Բելառուսին: Քաղաքագետի դիտարկմամբ՝ մեծ հաշվով բան չի փոխվում նրանից, թե ՀԱՊԿ քարտուղարն ով կլինի:
«Խնդիրը Խաչատուրովին ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից ազատելը չէ կամ մեկ այլ ներկայացուցչի նշանակելը չէ, այլ այն է, թե ինչպիսին է ՀԱՊԿ-ը առ այսօր, և մենք ինչ սպասելիքներ ունենք այդ կառույցից: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին Աստանայում սպասվող Վեհաժողովում հենց այդ մասին պետք է խոսի»,- նշեց Ա.Նավասարդյանը՝ հավելելով, որ Խաչատուրովի հեռանալը կարող է մեկնակետ հանդիսանալ, որպեսզի Հայաստանը բարձրացնի այն հարցերը, որոնք կարգավորման, կանոնակարգման կարիք ունեն:
Մանրամասն՝ տեսանյութում:










































