«Կարծում եմ՝ կազանյան հանդիպումից հետո միջնորդներին անհրաժեշտ է հասնել ընդհանուր մի որոշման՝ կապված այն հարցի հետ, թե ինչպես են իրենք պատկերացնում բանակցային գործընթացի հետագա զարգացումները, որոշման ընդունման համար անհրաժեշտ գործիքները»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, գնահատելով երեկ Կազանում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպումը, կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Վլասովը:
Նա նշեց, որ դեռևս բանակցային գործընթացի հետ կապված հիմնական հարցերի կարգավորումը դրված է Մոսկվայի վրա, սակայն Մոսկվան էլ հիմնվում է այն մանդատի վրա, որը տրամադրում է Մինսկի խումբը. «Եթե Բաքուն և Երևանը չեն կարողանում պայմանավորվել և հանգել կոնկրետ որոշման, ապա անհրաժեշտ է նոր սխեմա, բայց ամեն դեպքում հարցը չի վերաբերում Մադրիդյան սկզբունքները փոխելուն, քանզի դա բանակցային գործընթացի ֆունդամենտալ հիմքն է»:
Վլասովի գնահատմամբ՝ հնարավոր է փոփոխվեն կարգավորման գործիքները, այդ թվում՝ նաև ավելացվեն դիվանագիտական ճնշումները կոնֆլիկտի կողմերի վրա. «Ամեն դեպքում որոշման ընդունման երակարաձգումը ավելացնում է ռիսկերը, ինչն էլ ցանկալի չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Ռուսաստանին»: