Ինչպես և կանխատեսել էինք, խորհրդարանում վարչապետի թեկնածության հայտնի պատճառներով ֆիկտիվ քննարկման երկրորդ փորձը Նիկոլ Փաշինյանը օգտագործեց նախընտրական-ծրագրային ելույթի այսպես ասած երկրորդ բաժնի, այս անգամ տնտեսության համար: Փաշինյանը հայտարարեց Հայաստանում տնտեսության կառուցվածքի և փիլիսոփայության տրանսֆորմացիայի գործընթացի մասին, սա արձանագրելով որպես քաղաքական պատասխանատու հայտարարություն: Իրականում անշուշտ այս հանգամանքը զուտ տնտեսական չէ, քանի որ տնտեսության կառուցվածքը ըստ էության քառորդ դար եղել է Հայաստանի քաղաքական կառուցվածքի հիմքը: Այդ իմաստով, տնտեսական կառուցվածքի և փիլիսոփայության տրանսֆորմացիայի փուլի մեկնարկի մասին ազդարարումը գործնականում նշանակում է քաղաքականության մոտիվացիոն հիմքի փոփոխության մասին հայտարարություն: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է այսպես ասած քաղաքական կապիտալի նախնական կուտակման փուլի, այլ կերպ ասած վարչապետը հայտարարեց Հայաստանում հեղափոխության ըստ էության ավարտի մասին, որովհետև տնտեսության կառուցվածքի և փիլիսոփայության փոփոխությունը այլևս խորքային գործընթաց ենթադրող իրողություն է, որի հարցում հեղափոխությունը ոչ միայն անելիք չունի, այլ կարող է լինել վատ խորհրդատու և պարզապես խանգարող հանգամանք: Սա նշանակում է կապիտալի ներգրավում նոր ուղղություններով, նոր տնտեսական համակարգերի կառուցում, որոնք կբազմազանեցնեն Հայաստանի տնտեսական կառուցվածքն ու այդպիսով կնվազեցնեն մեկ միավորից տնտեսության կախվածության տեսակարար կշիռը: Սա է նաև Հայաստանում քաղաքականության անկախության ճանապարհը: Այս պատմական օրը քննարկելու ենք Իրավունքի ուժով այսօր արձակված Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, վերլուծաբան Վահագն Ալեքսանյանի և վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի հետ։
Նոր շրջափուլ ենք տեղափոխվում, և թիրախը լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: Մենք կունենանք հին ԸՕ-ով հին Հայաստանի վերջին խորհրդարա՞ն, թե՞ նոր Հայաստանի առաջին խորհրդարան: Հ. Հակոբյանի կարծիքով՝ իրականում միքս է լինելու՝ հին Հայաստանի վերջին և նոր Հայաստանի առաջին խորհրդարանն է լինելու:
«Չկարողացանք խուսափել ոչ այնքան օգտակար ռեյտինգային ընտրակարգից, միգուցե քարոզարշավն ընթանա սևերի և սպիտակների տրամաբանության ներքո»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց Հ. Հակոբյանը:
Ն. Բաղդասարյանը հավելեց, որ ռեյտինգային ընտրակարգի կիրառման դեպքում նախկինում գործոնը ոչ այնքան թաղային հեղինակություններն էին, որքան փող բաժանելը. «Եթե փող բաժանելու հանգամանքը մնա անցյալում, կարող ենք ունենալ բոլորովին այլ պատկեր»:
Վ. Ալեքսանյանի կարծիքով՝ պատկերն այլ կլինի, բայց հեղինակությունները ևս դեր կխաղան, բայց գործարարներին ձեռնտու չէ որպես ընդդիմադիր մտնել խորհրդարան:
Անդրադառնալով մտավախությանը, որ Ընտրական օրենսգրքի պատճառով հնարավոր է հանրային ամբողջական տրամադրությունների արտացոլումը չունենանք ԱԺ-ում՝ Վ. Ալեքսանյանը նշեց, որ Երևանի ավագանու ընտրությունների պատկերը կկրկնվի: Նրա կանխատեսմամբ՝ ՔՊ-ն կունան մոտավորապես 70 տոկոս ձայն, երկրորդ տեղում կլինի «Ծառուկյան» դաշինքը, «Լույս» դաշինքը ևս կունենա մեծ ընտրազանգված և ՀՀԿ-ն կունենա որոշակի շանս՝ հաղթահարելու 5 տոկոսի շեմը: «Ն. Փաշինյանը խուսափում է «իզմերից», բայց հաջորդ խորհրդարանում «իզմեր» կրող ուժեր ևս կլինեն»,- ընդգծեց Վ. Ալեքսանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































