«Գազի սակագնի հարցը շատ կարևոր է եղել բոլոր ժամանակներում, քանի որ այն առանցքային նշանակություն ունի մեր տնտեսական անվտանգության ոլորտի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց էներգետիկ և անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։
Նրա խոսքով՝ գազի սակագնի վերանայման թեման ներկայումս ակտիվորեն քննարկվում է, քանի որ շատ շուտով՝ նոյեմբեր ամսին, «Գազպրոմ Արմենիան» դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով 2019 թվականի համար սակագին սահմանելու նպատակով: «Առհասարակ երբ խոսում ենք սակագնի մասին, պետք չէ կենտրոնանալ միայն ներքին սպառման սակագնի նվազեցման վրա, որը գրեթե երկու անգամ գերազանցում է սահմանին ձեռք բերվող գազի սակագնին։ Պետք է հստակ տարանջատել սակագինը սահմանին և սակագինը՝ երկրի ներսում։ Այսօր իրականում կան հնարավորություններ սահմանին գազի սակագինը իջեցնելու 10-15 դոլարով՝ 150 դոլարից դարձնել 135 դոլար»,- նկատեց փորձագետը։
Դավթյանի խոսքով՝ այսօր ամբողջ աշխարհում նկատվում է գազի սակագնի նվազեցում, որը պայմանավորված է բնական գազի արդյունահանման ինքնարժեքի նվազմամբ։ Իսկ Ռուսաստանն այդ մասով բացարձակ առաջատար է աշխարհում՝ ապահովելով ինքնարժեք 20-22 դոլարի սահմաններում։ «Սա բավականին հարմար ինքնարժեք է, որը թույլ է տալիս Ռուսաստանին ճկուն քաղաքականություն վարել արտաքին շուկայում։ Այս գործոնին գումարվում է նաև այն, որ միջազգային շուկայում ի հայտ են եկել նոր խաղացողներ, որը ձևավորել է բավական լավ մրցակցային դաշտ։ Սրան էլ գումարվում է այն, որ Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, հնարավորություն ունի ավելի էժան սակագնով գազ ձեռք բերելու սահմանին ԵԱՏՄ-ում գործող Մաքսային օրենսգրքի շրջանակներում»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ ամեն դեպքում սահմանին գազի գնի վերանայման լուրջ փոփոխություններ չեն լինի։ Փոփոխության կենթարկվի միայն սպառողին հասնող գազի սակագինը։
Անդրադառնալով վերջին շրջանում հնչող տեսակետներին, թե «Գազպրոմի» հետ գազային պայմանագիրը պետք է փոփոխել, վերանայել, փորձագետը նշեց, որ դա անհնարին է, որովհետև 2013 թվականին կնքված գազային պայմանագրերը սահմանում են, որ մինչև 2048 թվականը Հայաստանի կառավարությունը չունի իրավունք որևէ օրենք, որոշում, նորմատիվ ակտ ընդունելու, որի հետևանքով այդ պայմանագրի հիմնադրույթները, ընթացիկ դրույթները կարող են վերանայման ենթարկվել։ «Հետևաբար այսօր, երբ մենք խոսում ենք այդ պայմանագրի փոփոխման կամ խզման մասին, պետք է հաշվի առնենք ապագայում ի հայտ եկող ռիսկերը, որոնք և՛ տնտեսական են, և՛ քաղաքական»,- ասաց Դավթյանը։
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի գնի նվազմանը, ապա փորձագետի խոսքով՝ եթե գազի դեպքում այդ հնարավորությունը կա, ապա հոսանքի դեպքում՝ ոչ, քանի որ հոսանքի դեպքում ներքին գործոնները ավելի շատ են: «Բոլորիս քաջ հայտնի է, որ մեր էներգետիկ ենթակառուցվածքների մոտ 40 տոկոսը 40 տարուց ավելի է՝ գտնվում է շահագործման մեջ, մաշված է, ունենք բազմամիլիոնանոց վարկային միջոցներ։ Ունենք փոքր սպառման շուկա, փոքր արտահանման հնարավորություններ։ Այս պարագայում անգամ գազի սակագնի նվազման դեպքում հնարավոր չէ էլեկտրաէներգիայի ողջամիտ սակագին ապահովել»,- ընդգծեց փորձագետը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:







































