Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Պատվական Միսակյանի և Սիրակ Սարգսյանի գործի դատական քննությունը:
Ներկայումս 30-ամյա Պատվականը և 33-ամյա Սիրակը մեղավոր են ճանաչվել ավազակային հարձակման համար:
Ըստ դատական ակտի՝ Պատվական Միսակյանը, Սիրակ Սարգսյանը ու ևս մեկ անձ նախնական համաձայնության են եկել և ապրիլի 22-ին, առավոտյան ժամը 5-ի սահմաններում Մամիկոնյանց 48 հասցեում գտնվող գրասենյակային շենքի մուտքի դուռը թակելուց և պահակի կողմից այն բացելուց հետո մուտք են գործել, պահակի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զենք գործադրելու սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպել են նրան:
Ապա տեխնիկական միջոցներ օգտագործելով՝ վնասել են շենքի չորրորդ հարկում տեղակայված «Ադամիում» ՍՊԸ-ի աշխատասենյակի մուտքի և միջսենյակային դռները, մտել են ներս, բացել չհրկիզվող պահարանի դուռը և, հափշտակելով 15 միլիոն 147 հազար 200 դրամ՝ դիմել են փախուստի:
Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներ Միսակյանն ու Սարգսյանն իրենց մեղավոր չեն ճանաչել և հրաժարվել են ցուցմունքներ տալուց:
Նախաքննական ցուցմունքում Պատվական Միսակյանը խոստովանել է, մանրամասն ներկայացրել իրենց կատարած հանցագործությունը, յուրաքանչյուրի դերը, ինչպես նաև քննչական փորձարարության ժամանակ տեղում ցույց է տվել, թե ինչ և ինչպես են կատարել:
Միսակյանը հայտնել է, թե երեքով պայմանավորվել են «Սանդորա» բնական հյութերի ներմուծմամբ զբաղվող «Ադամիում» ՍՊԸ-ից հափշտակություն կատարել:
Հանցագործության օրը իրենց հետ վերցրել են կպչուն ժապավեն, լինգ, գլխարկ, ինչպես նաև ծանոթի «Մերսեդես» ավտոմեքենան:
Երբ մուտք են գործել շենք, պահակին զգուշացրել են, որ խելոք մնա, համը չհանի, ապա կապկպել են, մտել ՍՊԸ-ի աշխատասենյակ, տեսել են չհրկիզվող պահարանը:
Լինգի գործադրմամբ բացել են այն:
Պահարանում մուգ գույնի պայուսակի մեջ ոչ թե 15 միլիոն, այլ ընդամենը 4 միլիոն դրամ է եղել, որն էլ վերցրել են, դուրս եկել ու մեքենայով հեռացել: Գումարը բաժանել են միմյանց միջև:
Դատաքննության փուլում Պատվական Միսակյանն ու նրա շահերի պաշտպանը հայտարարել են, թե նախաքննության ժամանակ Միսակյանի նկատմամբ կիրառվել են բռնություն, քննությանը խորթ միջոցներ, որոնց ազդեցության տակ է նա տվել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ ու ստիպողաբար մասնակցել է քննչական փորձարարությանը:
Ընդհանուր իրավասության դատարանն այդ կապակցությամբ միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ գործի նախաքննության ընթացքում կիրառված բռնությունների հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվել: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Չի հաստատվել, թե ոստիկանության Արաբկիրի բաժնում բռնություն է գործադրվել Միսակյանի և Սարգսյանի նկատմամբ: Վերջիններս էլ դիմումներ են գրել ու խնդրել, որ իրենց դիմում-բողոքները թողնվեն առանց քննության:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ Պատվական Միսակյանը նախաքննության փուլում աջակցել է հանցագործության բացահայտմանը, վատառողջ է:
Սիրակ Սարգսյանի խնամքին են 2010 և 2012 թվականներին ծնված մանկահասակ երկու երեխաները:
Ամբաստանյալները մեղավոր ճանաչվեցին ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Պատվական Միսակյանը դատապարտվեց 9 տարի, իսկ Սիրակ Սարգսյանը՝ 11 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի փետրվարի 24-ից:
Տուժող ընկերությանը քաղհայցի իրավունք վերապահվեց՝ քաղաքացիական դատավարության կարգով հանցագործությամբ պատճառված գույքային վնասը վերականգնելու համար:










































