Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հանդես են գալիս Միջուկային զենքի արգելման պայմանագրի (ՄԶԱՊ) դեմ և այն չեն ստորագրի: Այդ մասին ասված է այդ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության կայքում՝ գրում է RIA Novosti-ն:
«Հայտարարում ենք Միջուկային զենքի արգելման պայմանագիրը մեր կողմից չընդունելու մասին: Մենք հաստատակամորեն կարծում ենք, որ առանց միջուկային զենքի խաղաղության հասնելու լավագույն միջոցը փուլային գործընթացն է, որը հաշվի է առնում միջազգային անվտանգության բնագավառի իրադրությունը: Միջուկային զենքի նկատմամբ այս ստուգված մոտեցումը տվել է շոշափելի արդյունքներ, ներառյալ միջուկային զենքի համաշխարհային զինանոցների էական կրճատումները»,- նշված է փաստաթղթում:
Դրանում ասված է, որ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հինգ մշտական անդամների կարծիքով՝ ՄԶԱՊ-ը հաշվի չի առնում այն հանգուցային հիմնախնդիրները, որոնք պետք է լուծվեն գլոբալ մասշտաբներով կայուն միջուկային զինաթափման հասնելու համար: Միևնույն ժամանակ Մոսկվան, Լոնդոնը, Պեկինը, Վաշինգտոնը և Փարիզը հավաստել են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հանձնառությունը:









































