Հայաստանում երևի քչերն են այլ պատճառ տեսնում կուտակային պարտադիր բաղադրիչով կենսաթոշակային բարեփոխում իրականացնելու իշխանության որոշման տակ, քան պարզապես բնակչությունից փողի հերթական խմբաքանակ հավաքելը, որովհետև երկրում փող չկա: Հասարակությունը, սակայն, այլ կարծիքի է: Ոչ, իհարկե, բարեփոխման հարցում իշխանության հաստատակամության բուն պատճառի մասով, այլ երկրում փող լինել-չլինելու:
Հասարակությունը չի ուզում, որ իշխանությունները երկիրը թալանեն և եղած-չեղածը փոխանցեն իրենց անձնական հաշիվներին, ինչով զբաղվում են արդեն առնվազն մեկուկես տասնամյակ, իսկ հետո էլ երկրի հաշիվները դատարկ չթողնելու համար նորանոր փողեր գանձեն հասարակությունից: Առավել ևս, որ ոչ ոք չի կասկածում նաև, թե հետո ինչ հաշիվների վրա են հայտնվելու հասարակության հաշվից գանձված հերթական գումարները:
Որ Հայաստանում փող շատ կա, ակնհայտ է Երևանի փողոցներում: Ընթերցողներից շատերն են երևի թե եղել արտերկրում, օրինակ` Եվրոպայում: Եվ հավանաբար կփաստեն, որ Երևանում, օրինակ, կան այնքան շքեղագույն մեքենաներ՝ առօրյա երթևեկում, որքան չես տեսնի Եվրոպայի հեղինակավոր մայրաքաղաքներում: Հայաստանի, ասենք, մեկ օլիգարխի անձնական ավտոպարկին և թիկնապահների տնօրինած մեքենաներին կնախանձի երևի թե եվրոպական մի ամբողջ քաղաք: Իսկ այդպիսի օլիգարխները մեկը չեն, երկուսը չեն:
Հաշվեք Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների առնվազն երկու-երրորդին, գումարեք Հայաստանի նախագահական աշխատակազմը, գումարեք ԱԺ աշխատակազմն ու կառավարությունը, գումարեք հարակից գերատեսչությունները՝ հարկային, մաքսային, կադաստր, ոստիկանության հրամկազմ, բանակի հրամկազմ, ու կստանաք մի ամբողջ Եվրոպա շքեղություն: Ոչ միայն մեքենաների, այլ նաև տների, առանձնատների, ամառանոցների, նաև հարազատների ու բարեկամների շքեղություններ, կանանց ու երեխաների շքեղություններ, սիրուհիների շքեղություններ և այդպես շարունակ:
Եթե վերջին տաս տարում Հայաստանից միայն վեց միլիարդ գումար է դուրս բերվել արտերկիր, ապա կարելի է պատկերացնել, թե ինչքանն է մնացել, ինչքանն է այլ ճանապարհներով դուրս բերվել, որ չի արտացոլվում որևէ` նույնիսկ ոչ պաշտոնական ուսումնասիրությունների մեջ: Այսինքն` Հայաստանում գումար կա, չափազանց շատ կա գումար: Հարցն այն է, թե ովքեր և ինչպես են այդ գումարները տնօրինում: Իսկ այդ գումարները տնօրինում են մարդիկ, որոնք բացարձակապես հեռու են պետական մտածողությունից, պետական շահերի գիտակցումից, աշխարհում Հայաստանի մրցունակության մասին մտահոգություններից, Հայաստանում արտագաղթի տեմպերի մասին մտահոգություններից: Այդ մարդիկ մոտ են միայն փողին և իշխանությանը: Դրա համար էլ ամեն գնով պատրաստ են պահել իշխանությունը, որպեսզի պահեն նաև փողերը:
Ասել կուզի` եթե Հայաստանում գումարն է պակասում կենսաթոշակային և պետական այլ ծրագրերի համար, ապա իրականում գումարը կա, շատ կա և գուցե նույնիսկ շատ այլ երկրների էլ բավականացներ: Պարզապես չկա քաղաքական կամք՝ հավաքել այդ գումարը, հարկել գերշահույթները, ձևավորել այնպիսի մեխանիզմներ տնտեսական համակարգի գործունեության, կարգավորել դաշտն այնպես, որ գումար աշխատելու հնարավորություն ունենան շատերը, ոչ թե սահմանափակ թվով մոնոպոլիստներ ու օլիգոպոլիստներ, որոնք պատրաստ են տարատեսակ հակահասարակական ծառայություններ մատուցել իշխանություններին` այդ ամենի դիմաց ստանալով բիզնես քվոտաներ:
Այս կամքը չկա, որովհետև ցանկությունը չկա: Ինչպես կլինի, եթե դա նշանակում է, որ իշխանությունները պետք է սկսեն պայքարել յուրայինների դեմ: Այսինքն` գումարները պետք է հավաքել յուրային օլիգարխներից, պաշտոնյաներից, նրանց յուրայիններից և այդպես շարունակ: Այսինքն` պետք է պայքարել ստվերային տնտեսության և կոռուպցիայի դեմ, պետք է պայքարել հովանավորչության դեմ, պետք է հարկել գերշահույթները, չեզոքացնել մենաշնորհները և մրցակցություն ձևավորել, որ հասարակությունը կարողանա իրացնել իր պոտենցիալը:
Բայց դրա համար պետք է, որ այդ ամենն անելու պետական լծակները տնօրինող մարդիկ սկսեն իրենցից: Իսկ նրանք չեն ցանկանում սկսել իրենցից: Այստեղ շղթան փակվում է, և բացում են հասարակության գրպանը: Իսկ հասարակությունը չի ուզում: Չի ուզում առաջին հերթին հենց այն պատճառով, որ լավ գիտե և տեսնում է, թե որտեղ է երկրի հարստությունը և ովքեր են այն տնօրինում: Եթե իշխանությունները չեն կարողանում այդ հարստությունը ծառայեցնել հասարակությանը՝ ուզում են, սակայն չեն կարողանում (հեքիաթ, որին ոչ ոք այլևս չի հավատում, եթե երբևէ որևէ մեկը հավատացել է), ապա դա արդեն իրենց խնդիրն է: Այդ դեպքում, տեսականում, իշխանությունները ոչ թե հասարակության գրպանը պետք է մտնեն՝ նույնիսկ ներողություն չխնդրելով, այլ պետք է հասարակությանը դիմեն և խնդրեն օգնել երկրի հարստությունը երկրին վերադարձնելու հարցում: Այդպիսի օգնության խնդրանք չկա:
Մինչդեռ իրավիճակը առավել քան պարզ է՝ ինչո՞ւ պետք է իշխանությունը, մերձիշխանական օլիգարխիան և քրեական հեղինակությունները, իրար հետ «ռազբորկաներով», «կռվելով» ու «հաշտվելով» շարունակեն երկրի մսխումը, իսկ հասարակությունը հերթական անգամ վճարի այդ ամենի համար: Հասարակությունն արդեն չի համաձայնում վճարել, դեմ է հանդես գալիս դրան: Բայց դա, իհարկե, շատ քիչ է: Հասարակությունն ունի հաջորդ հանգրվանի անցնելու անհրաժեշտություն՝ ոչ միայն մերժի իշխող համակարգի խաղերն ու որոշումները, այլ իր խաղն ու որոշումները պարտադրի այդ համակարգին:
Լուսանկարը՝ Photolure-ի









































