Պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում բավական բարձր մակարդակի վրա է և շատ ակտիվ է զարգանում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայկական պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահության անդամ, պլաստիկ վիրաբուժ Կարեն Դանիելյանը:
«Մեր երկրում ամեն 2 տարին մեկ կազմակերպվող կոնգրեսին հավաքվում են աշխարհի լավագույն պլաստիկ վիրաբույժները՝ քննարկելու պլաստիկ վիրաբուժության վերջին ձեռքբերումները»,- նշեց նա:
Կարեն Դանիելյանի խոսքով՝ հայ այցելուներն առավել հաճախ դիմում են քթի, ականջի, դեմքի, կրծքի մեծացման և որովայնի առաջնային պատի ձգման վիրահատությունների: «Առհասարակ, էսթետիկ վիրահատությունները պլաստիկ բոլոր վիրահատությունների ¾-ն են կազմում: Կրծքի մեծացման վիրահատության ինձ տարեկան դիմում է մոտ 30 կին: Ընդ որում՝ նրանք հաճախ գալիս են իրնց ամուսինների հետ, ովքեր օգնում են չափի ընտրության հարցում: Ինչ վերաբերում է պլաստիկ վիրահատությունների մյուս խմբին՝ ռեկոնստրուկտիվ վիրահատություններին, ապա այստեղ մեծ թիվ են կազմում հետօնկոլոգիական իրավիճակներում կրծքագեղձի վիրահատման, կտրված ջլերի վերականգնման վիրահատությունները»,- ասաց բժիշկը:
Կարեն Դանիելյանը տեղեկացրեց, որ իրենք հաճախ հրաժարվում են վիրահատել այս կամ այն հաճախորդին. «Պատճառը պացիենտի պահանջների և բժիշկների առաջարկների անհամապատասխանությունն է»:
Անդրադառնալով պլաստիկ վիրահատությունների գներին՝ բժիշկը նշեց, որ գները տատանվում են 200-800 հազար դրամի սահմաններում: «Եթե միանգամից մի քանի վիրահատություն է կատարվում, դրանց արժեքը կարող է հասնել 1-1.5 մլն դրամի: Հատկանշական է, որ պլաստիկ վիրահատությունների դիմողների 20-25 տոկոսը կազմում են տղամարդիկ, ովքեր դիմում են ոչ միայն քթի, այլև կնճիռների հարթեցման և որովայնի առաջնային պատի ձգման վիրահատության»,- ամփոփեց Կարեն Դանիելյանը:









































