Այսօր Մայքլ Ջեքսոնի երկրպագուները նշում են փոփ արքայի մահվան երկրորդ տարելիցը: Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին, 51 տարեկանում, սեփական տանը: Բժիշկների եզրակացությամբ` նա մահացել է մեծ քանակությամբ դեղեր ընդունելու հետևանքով: Նրա բժիշկ Քոնրադ Մյուրեյի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ոչ դիտավորյալ սպանության մեղադրանքով:
Նրա երկրպագուների մի մասը հավաքվելու է Իլինոյս նահանգի Գերի քաղաքում, որտեղ ծնվել է հայտնի երգիչը և ապրել այնտեղ մինչև 1969 թ.-ը: «Աշխարհը կարող է վստահ լինել, որ Մայքլ Ջեքսոնի հիշատակի օրն ամեն տարի հունիսին անցկացվելու է Գերի քաղաքում: Մենք հրավիրում ենք ողջ աշխարհին»,- ասել է քաղաքի ղեկավար Ռուդի Քլեյը:
Մայքլ Ջեքսոնի տան դռները մի քանի ժամով անվճար բացվելու են նրա երկրպագուների համար: Նրանք կարող են մասնակցել հիշատակի արարողությանը, վառել մոմեր: Բացի այդ, միջոցառումներ են նախատեսվում «Նևերլենդում», որտեղ մահացել է փոփ երգիչը, իսկ «Մադամ Տյուսոյի» մոմե արձանների թանգարանում կբացվի Մայքլի արձանը: Երգչի պաշտոնական կայքում բացվել է գրառումների էջ, որտեղ երկրպագուները կարող են իրենց մտքերը կիսել միլիոնավոր մարդկանց հետ: Կայքը ստեղծողներն ասում են, որ նախատեսում են հավաքել մինչև մեկ միլիոն գրառում:









































