Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտնի համեմատությունը՝ գազային պայմանագրի և գույք պարտքի դիմաց գործարքի միջև, որակել էր ոչ պրոֆեսիոնալ: Արմեն Մովսիսյանը ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի հայտնի հայտարարությունների ասել էր, որ գազային պայմանագիրը Հայաստանի համար շատ ավելի շահեկան է, քան Քոչարյանի նախագահության ընթացքում տեղի ունեցած գույք պարտքի դիմաց գործարքը:
Վահրամ Ավանեսյանը ըստ էության իր անհամաձայնությունն է հայտնել կառավարության մեկ այլ անդամի գնահատականներին: Եվ ահա քիչ առաջ չուշացավ նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը: Քոչարյանը Արմեն Մովսիսյանին մեղադրել է խճճվելու մեջ և ներկայացրել իր ժամանակաշրջանի էներգետիկ «ձեռքբերումները» ու հայ-ռուսական գազային համաձայնագրի շուրջ մտահոգությունները՝ միաժամանակ հիշեցնելով, որ գույք պարտքի դիմաց ծրագրի շուրջ ռուսների հետ բանակցել է Սերժ Սարգսյանը:
Քոչարյանի հայտարարության տարածվելուց առաջ կենսաթոշակային ռեֆորմի մասին հայտարարություն էր արել սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը՝ հիշեցնելով, որ ռեֆորմը Քոչարյանի նախագահության ժամանակ է սկսել մշակվել, այդ ժամանակ է կանաչ լույս վառվել ռեֆորմի առաջ:
Այսինքն՝ ինչպես երևում է, Հայաստանի իշխանական համակարգի տարբեր բևեռների միջև խաչաձև նամակագրություններն ու հայտարարությունները շարունակվում են:
Այս ամենի բովանդակային մասը մի կողմ թողնենք, քանի որ բոլոր դեպքերում էլ գործ ունենք պետական սուվերենությունը հարվածի տակ դրած զարգացումների հետ, և վատերի միջև համեմատություն անելը որևէ նպաստ չի կարող բերել այդ սուվերենության վերականգնման գործին:
Այս իրավիճակում առկա է սուվերենությանը հարվածող, այսպես ասած, երրորդ հանգամանքը, որը ինչ-որ տնտեսական գործարքի տեսքով չէ, այլ Հայաստանում ըստ էության գոյություն չունեցող կառավարական բուրգի:
Արմեն Մովսիսյանի պատասխանից հետո կարծիքներ հնչեցին, որ կառավարության անդամներին հրահանգվել է կոշտ պատասխանել Քոչարյանին: Սակայն եթե էկոնոմիկայի նախարարը ըստ էության «սխալ» է հանում մեկ այլ նախարարի Քոչարյանին տված կոշտ պատասխանը, սա, ըստ էության, նշանակում է, որ նման հրահանգ կարծես թե չկա: Այսինքն՝ ավելի շուտ, չկա կառավարման բուրգ:
Հայաստանի կառավարման համակարգում իրականում քաոս է, ըստ էության՝ անիշխանություն, որը ժողովրդական խոսքով կարելի է բնորոշել որպես վիճակ, որում «շունը տիրոջը չի ճանաչում»:
Սա չափազանց լուրջ վտանգ է պետականության համար, ավելի մեծ վտանգ, քան բրգաձև ամբողջատիրական կառավարումն է անգամ: Իշխանության ներսում ակնհայտորեն սկսել են հաշվարկներ 2017-18 թվականների հետ կապված և նախարարական, պատգամավորական ու նաև նրանց հաջորդող միջին օղակները ակնհայտորեն սկսել են գուշակությունները, թե որտեղ է լինելու կշեռքի նժարի ծանրությունը, որպեսզի իրենք էլ հասցնեն ժամանակին հայտնվել այնտեղ: Հայաստանի իշխանական բուրգը այսօր ապրում է հենց միայն այս մտահոգությամբ:
Ոչ ոք այլևս ավելի կարևոր բան չունի մտածելու և չի էլ մտածում: Այսինքն՝ երկիրը հայտնվել է լիակատար բարձիթողի վիճակում: Իշխանական օղակներում փորձում են հասկանալ, թե ինչ կա Ռոբերտ Քոչարյանի մտքին, ինչ կա Սերժ Սարգսյանի մտքին, ով է նրանցից վայելում Ռուսաստանի հովանավորությունը, ում շանսերն են ավելի մեծ 2017-18 թվականը սեփական ցանկությունների հունով տանելու համար, ինչպիսին կլինեն զարգացումները՝ հարկ կլինի կողմնորոշվել և գործել մեկ գիշերո՞ւմ, թե՞, այնուամենայնիվ, մի քանի գիշեր ժամանակ կունենան:
Նման մտայնություններով ապրող իշխանական համակարգը չի կարող աշխատել: Հայտարարությունների ու նամակների պատասխանների ռեժիմով գործող պետական կառավարման համակարգը չի կարող լավ բան անել պետության ու հասարակության համար: Ավելին՝ այդ ռեժիմը խիստ վտանգավոր է պետության համար, սպառնում է պետության անվտանգությանը:
Որևէ մեկին որևէ իշխանության լավագույն պատասխանը կարող է լինել աշխատանքների արդյունքը: Ոչ մի իշխանություն դեռևս չի ունեցել դրանից ավելի լավ պատասխան, և ոչ մի այլ պատասխան ոչ մի իշխանության չի հասցրել ավելի լավ հանգրվանի:







































