Պաշտպանության նախարարությունում այսօր նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների, մշակույթի նախարարությունների և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներին՝ ամփոփելու ուսումնական հաստատություններում հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2013թ. կատարված աշխատանքները:
Սեյրան Օհանյանն իր ելույթում կարևորեց բոլոր գերատեսչությունների աշխատանքները ազգային-ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու գործում և ընդգծեց, որ բոլոր գերատեսչությունների հետ շարունակվելու են աշխատանքները:
ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանն իր զեկույցում անդրադառնալով երիտասարդների շրջանում անցկացված հարցումներին՝ ներկայացրեց փաստեր, որոնք մտահոգվելու տեղիք են տալիս: Նա ասաց, որ շուրջ 1300 երիտասարդների շրջանում անցկացվել են հարցումներ՝ «ո՞ր հերոսներին կցանկանայիք նմանվել, ունե՞ք արդյոք իդեալ, հնարավորության դեպքում Հայաստանից կարտագաղթեի՞ք» թեմաներով: Հարցման ենթարկվածների 50 տոկոսից ավելին պատասխանել է, որ իդեալ չունի, չէր ցանկանա որևէ մեկին նմանվել և հնարավորության դեպքում կգնար Հայաստանից:
Այս հարցումների վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը նշեց, որ յուրաքանչյուր երեխայի համար իդեալը ձևավորվում է մանկապարտեզից, հետո՝ դպրոցից: Երեխայի համար ամենամեծ իդեալը ուսուցիչն է, որն էլ նրա մեջ ներարկում է հայրենասիրություն:
Այս զեկույցի հիման վրա նախարար Սեյրան Օհանյանը երկու հանձնարարություն տվեց, առաջինը՝ հստակեցնել, թե յուրաքանչյուր դպրոց որ զորամասին է կցված, և երկրորդ՝ դպրոցի զինղեկների շրջանում անցկացնել վերապատրաստման դասընթացներ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































