ԱՄՆ-ը հույս ունի, որ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով Հաագայում հինգշաբթի բացված հատուկ տրիբունալը կօգնի պատժել մարդասպաններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Տրիբունալի աշխատանքը պետք է շարունակվի առանց խոչընդոտների, և այդ արարքն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: ԱՄՆ-ը կրկին դատապարտում է ուժի կիրառումը՝ որպես քաղաքական գործիք»,- հայտարարել է Քարնին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Լիբանանում բոլոր կողմերին կոչ է անում աշխատել միասին՝ պաշտպանելու երկիրն ապակայունացումից:
Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ գործում ներգրավված են չորս մեղադրյալ՝ Սելիմ Ջամալ Այաշը, Մուստաֆա Ամին Բադրեդին, Հուսեն Հասան Օնեյսին և Ասադ Հասան Սաբրան, որոնք «Հըզբոլլահ»-ի անդամներ են: Նրանց կդատեն հեռակա կարգով:









































