Արկտիկայում օդի մակերևույթի շերտերում սնդիկի քանակությունը մեծանում է Սառուցյալ օվկիանոսը ծածկող սառույցի ճեղքվածքների պատճառով, ինչը սպառնում է ջրում տոքսիկ նյութերի առաջացմանը: Այս մասին ասվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականները 2009 ու 2012թթ. չափել են սնդիկի պարունակությունը Ալյասկայի հյուսիսային Բարոու քաղաքի լողափին ու Չուկոտյան ծովի սառույցներում՝ օդի մակերևույթի շերտում:
Նրանք պարզել են, որ դրա պարունակությունը օդում բարձրանում է, երբ ծովի սառույցը ճեղքվում է:
Գազանման սնդիկը Արկտիկա է գալիս հարավից: Հայտնվելով օդի շերտում՝ այն առաջացնում է քիմիական ռեակցիա և արդյունքում նստում է հողին:
Սնդիկը վտանգավոր է Արկտիկայի էկոհամակարգի համար: Երբ սառույցը հալվում է, սնդիկը կարող է հայտնվել ձկների օրգանիզմում, ապա ձկների միջոցով հայտնվել նաև մարդու օրգանիզմում:











































