Ներքաղաքական կյանքի ակտիվության իմիտացիա առաջացրած Ռոբերտ Քոչարյան-կառավարություն բանավեճը սահուն կերպով վերածվեց Ռոբերտ Քոչարյան-ՀՀԿ բանավեճի, որում վերջին օրերին դրսևորվեց ուշագրավ մի գործոն:
Ռոբերտ Քոչարյանին սկսեցին պատասխանել երիտասարդ ՀՀԿ-ականները: Որ այս ամենը կատարվում է Սերժ Սարգսյանի համաձայնությամբ կամ ցուցումով՝ կասկած լինել չի կարող: Այս երևույթը, սակայն, հետաքրքիր է մեկ այլ առումով:
Այստեղ ակնհայտորեն ուրվագծվում է ներիշխանական հակասությունների մի նոր բևեռ՝ ՀՀԿ-ի երիտասարդությունը: Ինքնին, որպես, այսպես ասած, ամբողջական միավոր՝ այս բևեռը շատ խայտաբղետ է և հստակ սահմաններ չունի, միգուցե՝ դեռևս: Սակայն ՀՀԿ-ի, այսպես ասած, կորիզի համեմատ տվյալ իրավիճակում նրանց պահվածքը շատ հետաքրքրական է: Կորիզը հիմնականում լուռ է, իսկ մեկ-երկու արձագանքներն էլ շատ զուսպ են, եթե նույնիսկ անհամաձայնություն են հայտնում Քոչարյանի հետ: Երիտասարդների արձագանքները բավական հանդուգն են:
Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը երիտասարդներին տվել է հանդգնության իրավունք, իսկ «կորիզին»՝ ոչ: Այսինքն՝ սա առկա իրողության արդեն իսկ մի ուշագրավ կողմն է: Մյուս կողմը ևս նույն մեդալից է: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն առաջացնում է շահերի բախում ՀՀԿ-ի, այսպես ասած, սերունդների միջև, որը անկասկած տեղի է ունենում «բաժանիր, որ տիրես» սկզբունքով:
Սերժ Սարգսյանը, անշուշտ, շատ լավ գիտի այն կուսակցությունը, որը վերցրել և գլխավորում է: Շատ լավ գիտի, որ այդ կուսակցությունը, ըստ էության, քաղաքական առնետների կուսակցություն է, որոնք փախչելու են նավից առաջին իսկ վտանգի դեպքում: Ու քանի դեռ չի եկել այդ վտանգը իրական սպառնալիքի տեսքով, Սարգսյանը փորձում է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել ՀՀԿ-ի երիտասարդների հավակնությունները խաղարկելու կամ շահարկելու գնով:
Չի բացառվում, որ նա «կորիզին» չէր կարող նման հանդուգն կերպով հանել Քոչարյանի դեմ: Կզգուշանային՝ առավել ևս, որ Սերժ Սարգսյանը գնացող նախագահ է, իսկ եկողի հարցն էլ ըստ էության այսօր լուծվելու է ավելի շատ Ռուսաստանի հետ, քան ներքին պայքարում:
Իսկ ահա երիտասարդներին «ոտքի» հանելը դժվար չէ, նրանք հավակնոտ են, մի քիչ էլ անփորձ՝ համակարգային խաղերի առումով:
Կարևորն այստեղ շահերի բախում առաջացնելն է, նրանց, այսպես ասած, ապագա իշխանությամբ գայթակղելը: Եվ այսօր, ըստ էության, տեղի է ունենում հենց այդ պրոցեսը, առաջանում է շահերի բախում, որի միջոցով էլ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն փորձում է Հանրապետական կուսակցությունում իրավիճակը վերահսկելի և կառավարելի դարձնել ՝ թիկունքից հարված չստանալու համար:










































