Կառավարության այսօր որոշեց մայիսի 16-ը սահմանել որպես ուսանողության օր: Նախաձեռնությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանինն էր: Ըստ նրա՝ մայիսի 16-ը Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է, այդ պատճառով էլ հենց այդ օրն է ընտրվել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, թե մայիս ամսին Հայաստանում արդեն շատ տոներ կան: «Տարվա ընթացքում տոները, անկախ նրանից, աշխատանքային է, թե ոչ, հավասարաչափ պետք է բաշխվեն»: «Դե որ ասում են՝ մայիս, հաղթանակների ամիս, երևի հենց մայիսին բացառությամբ նայենք»,- արձագանքեց Աշոտյանը՝ հավելելով, որ
Մայիսի 16-ը աշխատանքային օր է լինելու:
Գագիկ Բեգլարյանը առաջարկեց միայն նոյեմբերի 17-ը թողնել որպես ուսանողության օր: «Վերջին 10 տարվա ընթացքում մեր հայ ուսանողները շատ մեծ սիրով տոնում են էլի, պարտադի՞ր է, որ անպայման մենք մերն ունենանք: Մեկ է, որ սա ընդունվի, մնացած տոների հետ միասին ուսանողները տարվա մեջ երկու անգամ էդ տոնը նշելու են»,- ասաց Բեգլարյանը: «Եթե անկեղծ խոսենք, ուսանողի համար ամեն օրն է տոն: Մի մասը ֆորմալ է, մի մասը՝ ոչ ֆորմալ: Պարոն Բեգլարյանի առաջարկությունը նույնպես քննարկվել է մի քանի անգամ, խնդիրը նա է, որ մենք, այնուամենայնիվ, կարծում ենք, հատկապես երիտասարդության ազգային դաստիարակության համատեքստում այդ օրը պետք է տանել ֆիքսել, ֆոկուսացնել ազգային ակունքների վրա: Բայց նոյեմբերի 17-ը էլի շարունակելու են նշել: Կրթական համակարգի բովանդակության ազգայնացման տեսակետից կարևոր է նաև այդ սիմվոլիզմը տեղադրել»,- պատասխանեց Ա. Աշոտյանը:
«Շատ լավ, ազգայնացնենք այս տոնը»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանն ու որոշումն ընդունվեց:









































