Հայաստանյան ԶԼՄ-ների պատասխանատուները համարում են, որ խոսքի ազատության առումով կարողացել ենք հասնել թեպետ ոչ իդեալական, սակայն գոնե բավարար մակարդակի: Այդուհանդերձ, նրանց կարծիքով՝ դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը կարելի է հեշտությամբ կորցնել, իսկ ՀՀ երկրորդ նախագահի վերադարձն իշխանության կնպաստի դրան:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը նշեց, որ աբսուրդ է համարում անգամ միտքը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադրություն ունի վերադառնալու:
«Նա, կարող է, իր մեջ մտադրություններ ունի, բայց որևէ հնարավորություն չունի, որովհետև իր տասը տարվա ղեկավարման ընթացքում ցույց տվեց, որ իր վերադարձը կլինի Հայաստանի վերջը, և դա ոչ միայն ներսում՝ Հայաստանում են հասկանում, այլև դրսի բոլոր ուժերը, իսկ միանգամից և ընդմիշտ կորցնել Հայաստանը՝ երևի թե ոչ մեկի ցանկությունը չի կարող լինել: Սա՝ մեկ, երկրորդ՝ ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն իր բոլոր ռեսուրսներն օգտագործել է և որևէ ռեսուրս այսօր չունի, ուստի որևէ մտադրություն, ինձ թվում է, պետք է չունենա, քանի որ ինքն էլ հասկանում է դա:
Սրանք երևի հիմնական պատճառներն են, որոնցից ելնելով՝ չեմ կարծում, որ նա ի վիճակի է այս ուղղությամբ որևէ լուրջ քայլ կատարել: Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա այսօր այն ինչ-որ չափով շնչում է (չէի ասի՝ լիաթոք, բայց ինչ-որ չափով շնչում է). այն ժամանակ եթե մարդը սկսում էր շնչել, համարվում էր, որ դրա իրավունքը չունի: Այսօր այդ միտքը, իհարկե, բացառվում է, և ես դրա համար մի քիչ ավելի հանգիստ եմ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ժամանակին՝ երկրորդ նախագահի օրոք, անցկացվում էր տոտալ քաղաքականություն, մարդու որևէ իրավունք, ազատ մտածելակերպ, ազատ դրսևորում նրա օրոք բացառվում էին:
Նա նշեց, որ չի կարծում, թե այսօր որևէ մեկն ընտրության գնալիս կմտածի, որ հնարավոր է ընտրել Ռոբերտ Քոչարյանին, որ նա ինչ-որ բանով ավելի լավ է, քան այսօրվա այս ծանր վիճակում ընկած նախագահը, այնպես որ՝ ժողովուրդն էլ արդեն շատ լավ հասկացել ու գնահատել է. մենք չենք ունեցել նախագահ և չենք էլ ունենա մոտակա շուրջ երեսուն տարիներին:
Մովսեսյանի համոզմամբ՝ եթե երկրորդ նախագահը վերադառնա իշխանության, միանշանակ է՝ մամուլն ազատությունից կզրկվի: «Այդպես է լինելու, որովհետև մամուլն ամենակարևոր խանգարիչ էլեմենտն է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության մեջ, որը մենք տեսել ենք: Այդ քաղաքականությունը գիշատչի մտածելակերպով տիրելու քաղաքականությունն է, իսկ այդ ամեն ինչին բացառվում է, որ ինչ-որ լրատվամիջոցներ, ինչ-որ լրագրողներ իրենց թույլ տան միջամտել:
Ռոբերտ Քոչարյանի՝ «տոտալ» ճնշման քաղաքականությունը, երևի ինքը չի մոռացել, ավելի շատ լցված է դաժանությամբ իր, այսպես ասած, «կորցրած» տարիների համար, որտեղ նաև մամուլն ունեցավ իր դերը: Նա չի ների մամուլին այս ամենը»,- ասաց նա:
Վերջինիս կարծիքով՝ վերադառնալու դեպքում Քոչարյանը մի քիչ ավելի դաժան կլինի մամուլի նկատմամբ, քան նախկինում էր: Նրա գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք խոսքի ազատությունը մեր լրատվամիջոցներում եղել է 15 տոկոսից ոչ ավելի, դա էլ՝ խիստ վերապահումներով, իսկ հիմա, ըստ Մովսեսյանի, այդ ազատությունը կհասնի մոտ 40 տոկոսի, սակայն մենք դեռ շատ անելիքներ ունենք մինչև ցանկալի 100 տոկոսին հասնելը:
ԳԱԼԱ հեռուստաընկերությունը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում անընդհատ փակման վտանգի առաջ է եղել, արդյոք մտահոգություններ չունե՞ն, որ նրա վերադարձը կբերի նաև խոսքի ազատության սահմանափակումների նոր փուլ՝ հարցին ԳԱԼԱ հ/ը հիմնադիր Վահան Խաչատրյանը պատասխանեց, որ իրենք հակված չեն տարանջատել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
«Այն, որ ԳԱԼԱ-ն վնասներ է կրել Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, դեռ չի նշանակում, որ լրատվամիջոցին հաջողվել է սահուն աշխատել Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում: Երկուսի ժամանակ էլ ԳԱԼԱ-ն կրել է լրջագույն ֆինանսական վնասներ և շարունակում է կրել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց խնդիրը ոչ միայն մտածելն է՝ ինչ է պետք անել, որ Քոչարյանը հանկարծ չվերադառնա քաղաքականություն, այլև այն, որ Քոչարյանի մտածելակերպն ունեցող որևէ մեկը չզավթի նախագահի աթոռը, չլինի մեկը, ով ժողովրդի ընտրյալը չէ, լեգիտիմ չէ և չի արտահայտում ժողովրդի շահերը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը:
Խաչատրյանի խոսքով՝ մտավախություններ կան նաև այսօր և ոչ միայն լրատվամիջոցների աշխատանքի առումով. ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ նրա հաջորդի կառավարման տարիներին Հայաստանը լրջագույն վնասներ է կրել՝ թերևս կարիք չկա թվարկելու դրանք:
Դիտարկմանը՝ որպես լրատվամիջոց, ճնշումների առումով տարբերություն չե՞ն տեսնում նախկին և ներկա նախագահների պաշտոնավարման ժամանակաշրջանների միջև, նա նշեց, որ իրավունք չի վերապահի իրեն խոսել մյուս լրատվամիջոցների անունից, սակայն կոնկրետ ԳԱԼԱ-ն բացարձակապես չի տեսնում որևէ տարբերություն:
«Մյուս ԶԼՄ-ների առումով դեռ վիճելի հարց է՝ դաշտն ազատականացե՞լ է, թե՞ լրատվամիջոցները սկսել են սպասարկել որոշակի մարդկանց շահեր կամ աշխատել ուղղորդված: Գուցե այդ շահերի սպասարկման առումով և որոշակի շրջանակներում կարող են «ազատական» գործել, բայց դա չեմ համարում ազատականացում: Ահա թե ինչու վիճելի այս թեմայով չեմ ցանկանում խոսել մյուսների անունից: ԳԱԼԱ-ի առումով նորից եմ կրկնում, որ շարունակում ենք վնասներ կրել նաև այսօր: Իրական անկախ լրատվամիջոցի գործունեությունը երեկ էլ, այսօր էլ ռեժիմի համար խիստ վտանգավոր է»,- ասաց նա:
Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն ավարտում են նախորդ տարվա ամփոփումը, տարեկան զեկույցը գրեթե պատրաստ է և շուտով կներկայացվի հանրության դատին: Մելիքյանի խոսքով՝ 2013 թվականը շատ բարդ ժամանակաշրջան էր լրատվամիջոցների համար. կոմիտեն հետևել է, թե ինչ պայմաններում էին լրատվամիջոցներն աշխատում նախագահական ընտրությունների, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:
«Պետք է ասել, որ ճնշումները և ֆիզիկական բռնությունները բավականին լուրջ խոչընդոտ էին նրանց գործունեության համար, բայց ընդհանուր առմամբ լրատվամիջոցները 2013թ. կարողացան իրենց առաքելությունը կատարել, նույն ընտրություններին կարողացան հանրությանը ցույց տալ իրականության օբյեկտիվ պատկերը, առաջին հերթին կարողացան ներկայացնել առցանց լրատվամիջոցները»,- ասաց նա:
Անդրադառնալով խոսքի ազատության ընդհանուր մակարդակին՝ Մելիքյանը նշեց, որ ավանդական լրատվամիջոցները, իրենց գնահատմամբ, շարունակում են մնալ ոչ ազատ կարգավիճակում, բաժանված են տարբեր քաղաքական և ֆինանսական ճամբարների, իսկ առցանց ԶԼՄ-ները նկատելիորեն ավելի ազատ են. հենց նրանց շնորհիվ էլ որոշ առաջընթաց կարելի է արձանագրել խոսքի ազատության ոլորտում:
Նրա կարծիքով՝ երկրորդ նախագահի վերադարձը իշխանություն խոսքի ազատության առումով կարող է կործանարար լինել: «Գիտեք, երբ հիշատակում են երկրորդ նախագահին, և այդ կոնտեքստում խոսում են խոսքի ազատության մասին, դա ինձ մոտ ծիծաղ է առաջացնում, որովհետև երկրորդ նախագահը հետխորհրդային Հայաստանի լրատվամիջոցների պատմության մեջ ամենասև հետքն է թողել: Այն ժամանակվա լրատվամիջոցները խոսքի ազատության հետ որևէ առնչություն չունեին: Սա միայն իմ կարծիքը չէ, միջազգային կազմակերպություններն էլ են դա արձանագրել, բայց եթե խոսենք փաստերի լեզվով, հենց երկրորդ նախագահի կառավարման օրոք «Ա1+»-ը փակվեց, հենց իր կառավարման վերջին ամիսներին էր, երբ մարտյան իրադարձություններից հետո նախնական գրաքննություն մտցվեց, և հիշեցինք, թե ինչպիսին էր լրագրությունը խորհրդային տարիներին, երբ գործում էր բացահայտ գրաքննությունը»,- ասաց նա:
Մելիքյանի գնահատմամբ՝ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիները լրատվամիջոցների և խոսքի ազատության համար ամենաանբարենպաստ, ամենասև տարիներն են եղել, և ինքն իր «ամենավատ երազներում անգամ» չէր ցանկանա, որ այդ տարիները վերադառնային:
Կոմիտեի նախագահը նշեց, որ ընդհանրապես պատմությունը չի կարելի հետ շրջել, նույն գետը երկու անգամ մտնել չի կարելի, և ինքն, այնուամենայնիվ, կցանկանար համոզված լինել, որ և՛ քաղաքական ուժերը, և՛ Հայաստանի ընտրողները թույլ չեն տա այդ վերադարձը, քանի որ դա է՛լ ավելի ողբերգական հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն խոսքի ազատության և լրատվամիջոցների գործունեության առումով, այլ նաև մնացած ոլորտներում:








































