Ռեփեր Սուպեր Սաքոն, ում լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել սոցիալական ցանցերում («Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է խայտառակություն` որպես հայ ժողովրդի պատմության, կրոնի և մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև երիտասարդության շրջանում ազգային արժեքների դեմ ուղղված չգիտակցված քարոզչություն), պատասխանում է մեր հարցերին, իսկ նախաձեռնության նախագահ Ռուբեն Բաղդիշյանի քայլը համարում է ղզիկություն: Ռեփերը մեզ հետ զրույցում նշել է, որ այդ նկարները ինքը երբեք չէր օգտագործելու իր ձայնասկավառակներում:
– Սարգիս, ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ այսքան մեծ հնչեղություն ձեռք բերեցին լուսանկարները:
– Սկսեմ նրանից, որ ես մի ֆիլմ էի դիտել` Boondocsin, որտեղ երկու եղբայր որոշում են, որ երկիրն այնքան է պղտորվել, որ այսուհետ իրենք են Աստծո գործը կատարելու: Ստիպողաբար բոլոր հանցագործներին սպանում էին, պոռնիկներին տանում եկեղեցու մոտ, ստիպում մեղքերը քավել: Այդ գաղափարն էլ փորձեցի իրականացնել, և քանի որ իմ երգերը հիմնականում դրա մասին են` վրեժ լուծելու, դավաճանության, մտածել էի «փախած» բան անել: Արեցի, թեև գրաֆիկան սիրուն էր, բայց ես ասացի`եթե սա օգտագործեմ, հայ ազգը չի հասկանա, ավելի լավ է չօգտագործեմ: Ու թեև շատ եմ սիրում իմ ազգը, բայց ցավ եմ ապրում, որ դեռ հետամնաց է:
– Սարգիս, սա հետամնացության դրսևորո՞ւմ է, թե՞ արժեքների տարբերության:
– Այստեղ արժեքների տարբերություն չկա: Ես շատ եմ գնահատում և ամեն ինչի արժեքը գիտեմ, ես լավ հայ եմ, ես նվիրատվություններ եմ անում Ալավերդու իմ դպրոցին` խաղահրապարակ սարքելու համար, ես շատ բան եմ անում, բայց գերադասում եմ չասել: Իմ ազգը շատ լավն է, ես իմ ազգին շատ եմ սիրում: Ես խորը մտածեցի` ինչ կատարվեց. մարդիկ միշտ փող են տալիս, որ այսպիսի սև PR ունենա, հիմա առանց դրա աշխատեց:
– Սարգիս, Դուք ասում եք`«փախած» բան էիք ուզում անել, կարո՞ղ է այդ «փախած» բանը երգչի համար ճակատագրական դառնա: Եվ արդյո՞ք Ձեզ համար կարևոր է հասարակական կարծիքը:
– Ինձ համար հասարակական կարծիքը շատ կարևոր է, ես շատ հայասեր եմ: Կատարվածի մասին խորը մտածելուց հետո հասկացա, որ «Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնության նախագահ Ռուբենին պետք էր, որ բոլոր կայքերում, թերթերում, ամեն տեղ իր և իր կազմակերպության անունը շեշտվեր: Խելացի քայլ էր, բռավո իրեն…
– Բայց հիմա շատ են այդպիսի նախաձեռնությունները, տարբեր խնդիրների շուրջ նախաձեռնություններ են ձևավորվում, գուցե սա էլ դրանցից մե՞կն էր:
– Ախր ստորագրահավաք, ցույց, բան-ման, չեն սովորել, որ Հայաստանում չի աշխատում, ինչքան էլ ուզում է ցույց անեն, մեկ է, չի աշխատում:
– Ինչո՞ւ այստեղ չի աշխատում, բայց այդտեղ աշխատում է:
– Որովհետև այստեղ մարդիկ այնքան բան ու գործ ունեն, որ նման փոքր, «տուֆտա» բաների հետևից չեն էլ ընկնի: Այստեղ նման բան եթե լիներ, նայողը կնայեր, սիրողները կսիրեին, չսիրողները չէին սիրի: Եթե լավ բան ասելու չունես, մի էլ ասա: Իսկ եթե այդ տղան այդքան հայասեր է, հողը, եկեղեցիները թանկարժեք են իր համար, թող մի հատ զանգեր ինձ, ասեր` ինձ թվում է` քո արածը լկտիություն էր, ինձ դուր չի գալիս, դրա մասին գրելու եմ, բայց երկու խոսք թող հարցներ` ինչ եմ մտածել սա անելուց: Դա ճիշտ կլիներ, և ես կհարգեի, բայց սա ղզիկություն է: Արվին Քոչարյանի արածն անհասկանալի է, երբ ինձ ասում են` ով է նկարել, ես անգամ անունը չեմ ուզում տալ, իսկ նա «Բռավո»-ին տալիս է մյուս նկարները: Ես Արվինին բացատրեցի` ինչ եմ ուզում, նա սարքեց, շատ սիրուն էր, ռեալ էր ամեն ինչ երևում, բայց հետո իմ որոշումն էր չօգտագործել: Վերջում մտածեցի` եթե ես սա դնեմ, կկարծեն`դրակոն եմ: Եվ այդպես էլ չօգտագործեցի: Ես ճիշտը սիրող տղա եմ, ես «միլիցայություն» չեմ արել, իմ մեջ այդ հատկանիշը չկա, բայց եթե հիմա իրենք լինեին իմ տեղը, քանի՞ հոգու դատի կտային: Արվինին հենց հիմա կարող եմ դատի տալ, և հավատացեք, իմ մեջքն այնքան պինդ է Հայաստանում… Ռուբենն ասում է` google-ում է տեսել այդ նկարը, իսկ նկարը ո՞վ կարող էր այնտեղ գցել, եթե ոչ Արվինը: Չէ՞ որ ես դրանց համար վճարել եմ, ինչպե՞ս է նա վեր կենում դրանք «Բռավո»-ին տալիս, ես իրեն կարող եմ հիմա դատի տալ, գրավի տակ դնել օֆիսը, ավտոն կարող եմ վերցնել… մինչև չանես, չեն սովորի:
– Դատի՞ եք տալու Արվինին:
– Չէ:
– Սարգիս, շատ է խոսվում այն մասին, որ Սուպեր Սաքոյի երգերը քրեական կյանքի քարոզչություն են: Եվ առհասարակ երգերում Ձեր ասելիքը ո՞րն է :
– Նախ քրեական կյանքի քարոզ չեմ անում: Երգերում իմ ասելիքն այն է, որ դավաճանություն չլինի զույգերի մեջ, կյանքում ճիշտ մարդ լինելն եմ քարոզում, ես կրիմինալ աշխարհից ոչ մի բան չեմ գովազդում: Ես Ամերիկայում եմ մեծացել, ես նորմալ մարդ եմ և ես ոչ մի բան չեմ գովազդում: Իմ բոլոր երգերը սիրո մասին են, երկու երգ լսեք, պարզ կդառնա:
– Սարգիս, կնոջը դավաճանության համար արդյո՞ք կարելի է ծեծի ենթարկել կամ հաշվեհարդար տեսնել, որպես տղամարդ` ի՞նչ կարող եք ասել, արդյո՞ք կնոջը ծեծելը կամ վրեժխնդիր լինելը ճիշտ տարբերակ է:
– Ո՛չ, դա ճիշտ տարբերակ չէ, ես ինքս չեմ հարգում այն տղամարդուն, որը այդպես է վարվում: Բայց էլի եմ կրկնում, արտիստիկորեն վրձնով նկարիչը կարող է նկարել, թե ինչպես կարող է մեկին պատժի: Դալին այնպիսի նկարներ է նկարել, տարբեր նկարիչներ կան, որ իրենց նկարներում թրերով մեկին են սպանում, հո նրանք այդպես մարդասպան չդարձան: Այս դեպքում էլ պարզապես սա արտիստիկորեն ֆանտազիան է օգտագործվել, և սա չի նշանակում`մարդասպան եմ, մեկին տանում եմ մազերից քաշեմ և խփեմ: Չեն հասկանում, որ այս մարդը շոու-բիզնեսի մեջ է, որ այս ամենը շոու է, ընդհանրապես հասկանո՞ւմ է Հայաստանի այս քննադատող ջահելությունը` ի՞նչ է նշանակում շոու:
– Սարգիս իսկ Հայաստանում կա՞ շոու-բիզնես: Ասում են` ո՛չ շոու կա, ո՛չ էլ բիզնես:
– Այո՛, կա, իսկ Հայաստանն ումի՞ց է պակաս: Հայաստանում ամեն ինչ էլ կա: Ու գիտե՞ս ինչի չի երևում, որովհետև ունենք նման քննադատող, բծախնդիր մարդիկ, որոնք ամեն ինչի մեջ ճանճ են ման գալիս, որ մի բան դնեն վրան:
– Քննադատութունը վատ բա՞ն է:
– Քննադատելը այնպես չէ, որ բռնեն մաքուր հայերենով մեկին լվացք անեն, քննադատողները ընդհանրապես պետք է դետեկտիվի նման աշխատեն, քննադատելուց առաջ փորփրեն, ճիշտը իմանան: 2009-ի նկարները նկարվել են, և ինքս էլ ցանկացել եմ չլինեն դրանք, այստեղ ինչ քննադատես:
– Վերջին տարիների Հայաստանում փոփոխություններ նկատո՞ւմ եք:
– Հայաստանը շատ է բարգավաճել: Ես գումար ունեմ ամեն տեղ շրջագայելու` Փարիզ, Լոնդոն և այլն, բայց ամեն անգամ, երբ հնարավորություն է ստեղծվում գնալ Ամերիկայից հանգստանալու, առանց մտածելու դեպի Հայաստան է ուղղությունս թեքվում: Հայաստանում վերջին տարիներին փոփոխություններ շատ կան, ինտերնետ կա, ջահելությունը շատ լավը, հագուկապը` նույնպես, տղաները կոմպլեքսներից դուրս են եկել, հասկացել են, որ անպայման չէ սև ծիծակ կոշիկներով ման գալ, քաղաքը գեղեցկանում է: Հիմա երիտասարդներն արդեն քառակուսի չեն մտածում: Ամեն ինչ բաց է: Ամեն ինչ իր հունով գնում է առաջ, շոու-բիզնեսը զարգանում է, Հայաստանի հեռուստաընկերությունները` նույնպես, հումորը զարգանում է և այլն:
– Սարգիս, վիրավորվա՞ծ եք նկարները տարածողներից:
– Իրավունք չունեին այդ նկարները տարածելու: Ֆեյսբուքի ակտիվ քննարկումից ինձ ո՛չ պաղ է, ո՛չ էլ տաք, բացի լավ բանից, ուրիշ վատ բան ինձ չի բերելու, ավելի շատ դիսկ է վաճառվելու, հիմա մարդիկ ավելի շատ են իմ մասին խոսում, ավելի շատ մարդ է իմ համերգներին գալու, պարզապես այդ տղան ուզում էր իր կազմակերպության անունը հայտնի դառնար…











































