ԱՄՆ-ը զենք չի վաճառի այն երկրներին, որոնցում ոտնահարվում են մարդու իրավունքները, և որտեղ այն կարող է օգտագործվել ցեղասպանության համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամլո ծառայությունը, այս մասին ասվում է նախագահ Բարաք Օբամայի նոր հրահանգում:
Հրահանգի տեքստում նշվում է, որ ԱՄՆ-ը չի արտոնի որևէ վաճառք, եթե այդ պահին տեղեկատվություն կա այն մասին, որ նման մատակարարումները կարող են օգտագործվել ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու համար, որոնք լրջորեն խախտում են 1949թ. Ժնևի կոնվենցիան:
Բացի դրանից՝ ԱՄՆ-ը մտադիր է միակողմանի կարգով զսպվածություն ցուցաբերել սպառազինման արտահանման ոլորտում այն դեպքերում, եթե դա բխում է ազգային շահերից: Մասնավորապես խոսքն այնպիսի պետությունների մասին է, որոնց վարքը խիստ անհանգստություն է առաջացնում, և դեպքերի մասին, երբ սպառնալիք կա, զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումն այս կամ այն պետությանը կարող է խարխլել միջազգային անվտանգությունը և խաղաղությունը:










































