Հունվարի 22-ին աշխատանքը կսկսի «Դավոս-2014» համաշխարհային տնտեսական ֆորումը: Ավելի քան 2500 պատվիրակների շարքում առավել նկատելի կլինի Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Մինչ նա Դավոս այցելած Իրանի վերջին աշխարհիկ առաջնորդը եղել էր Մուհամմադ Խաթամին, ով Դավոս էր այցելել 2004 թվականին: Դրանից հետո Արևմուտքի հետ լարված հարաբերությունների ֆոնին ֆորումում Իրանի ներկայացվածությունը սահմանափակվել է միայն արտգործնախարարների այցերով: Այս մասին հայտնում է Vesti-ն:
«Դավոս-2014»-ի գլխավոր թեման է՝ «Աշխարհի վերափոխումը. հետևանքները հասարակության, քաղաքականության և բիզնեսի համար»: Այդ փոփոխությունների օրինակ է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ Իրանի հարաբերությունների մեղմացումը:
Ռուհանին ելույթ կունենա հունվարի 23-ի լիագումար հանդիպմանը՝ «Իրանն աշխարհում» նստաշրջանի շրջանակում: Իսկ հունվարի 24-ին Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը կմասնակցի «Խաղի ավարտը Մերձավոր Արևելքում» անվանումը կրող քննարկմանը:











































