Եթե առաջիկա տարիներին Արկտիկայում եղանակի տաքացումը շարունակվի, ապա ԱՄՆ պաշտպանությունը ստիպված կլինի մտածել հյուսիսային սահմանի պաշտպանության կատարելագործման մասին: Դրա համար պետք է վարժանքներ անցկացնել հեռու հյուսիսի դաժան պայմաններում և գործի դնել հավելյալ պարեկային սառցահատներ: ԱՄՆ ռազմածովային ուժերը ծրագրում են Պենտագոնին ներկայացնելԱրկտիկայի յուրացման իրենց նոր ռազմավարությունը: Զեկույցի նախագիծը հայտնվել է Wall Street Journal-ի տրամադրության տակ:
Համաձայն այդ փաստաթղթի՝ սառույցների հալվելը նոր հեռանկարներ է բացում ԱՄՆ-ի համար, ինչպիսիք են, օրինակ, Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների ծավալի մեծացումը և օգտակար հանածոների արդյունահանումը: Փորձագետների հաշվարկներով՝ այդ տարածքում գտնվում են նավթի ու գազի խորջրյա հանքեր: Նավթի ու գազի պաշարների արժեքը գնահատվում է մոտ 1 տրիլիոն դոլար:
Սակայն մյուս կողմից Արկտիկայի ազատումը սառույցներից կարող է ԱՄՆ-ի հավելյալ պաշտպանության անհրաժեշտություն առաջացնել: Ռազմածովային ուժերի ներկայացուցիչները վստահ են, որ դրան պետք է պատրաստվել արդեն հիմա:
Պենտագոնի փորձագետների կարծիքով՝ անհրաժեշտ է սպառազինության կազմ ներառել հավելյալ սառցահատներ, քանի որ ներկայումս այդ գործառույթը կատարում են Polar Star սառցահատը, որը ծառայության մեջ է արդեն ավելի քան 40 տարի, և միջին չափսերի Healy նավը:
Նշենք, որ վերջին շրջանում Պենտագոնի ֆինանսավորումը կրճատվում է: Այս տարի ֆինանսավորումը կնվազեցվի 31, իսկ հաջորդ տարի՝ 42 միլիարդ դոլարով:









































