Տիգրան Մեծ 10 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի ղեկավարությունը հրաժարվում է մեկնաբանել լուրը, համաձայն որի՝ 29-ամյա Էմիլ Դ.-ն իրենց սուպերմարկետի հացի տոպրակի մեջ դրել է օգտագործած պահպանակ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սուպերմարկետի՝ այդպես էլ չներկայացած աշխատակիցը միայն նշեց, որ ավելացնելու ոչինչ չունի:
Տղամարդը խորհուրդ տվեց գործի մանրամասներին տեղեկանալ ոստիկանությունից: Երբ նշեցինք, որ հատկապես իրենց՝ սուպերմարկետի ղեկավարության հետագա գործողությունների մասին տեղեկանալու ցանկություն ունենք և ուզում ենք իմանալ՝ ինչ են անելու հաճախորդների վստահությունը վերականգնելու ուղղությամբ, զանգին պատասխանած տղամարդն ուղղակի անջատեց հեռախոսը:
«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գլխավոր գրասենյակում էլ հեռախոսազանգերին պարզապես չպատասխանեցին: Այնտեղից որևէ պարզաբանում ստանալ մեզ այդպես էլ չհաջողվեց:
Ինչպես տեղեկացանք Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, գործի նյութերի համաձայն՝ 29-ամյա Էմիլ Դ.-ն, խուլիգանական մղումներից ելնելով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսևորելով՝ Տիգրան Մեծ 10 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործած պահպանակ է դրել` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը դատարան է ստացվել հունվարի 13-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Նշվում է, որ երիտասարդը հոգեկան խնդիրներ ունի:








































