ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քիթ Ալեքսանդերը հայտարարել է, որ գործակալությունը չի լրտեսում Կոնգրեսի անդամներին՝ հաղորդում է USA Today-ը: Ալեքսանդերը նման հայտարարությամբ հանդես է եկել ի պատասխան Վերմոնտ նահանգից անկախ սենատոր Բերնի Սանդերսի հարցմանը:
Ալեքսանդերի նամակում, որը հրապարակվել է երեքշաբթի, ասվում է, որ Ազգային անվտանգության գործակալությունը չի անում որևէ բան, որը կարելի է բնութագրել որպես լրտեսություն Կոնգրեսի անդամների հանդեպ:
Միևնույն ժամանակ Բերնի Սանդերսին չի բավարարել ԱԱԳ-ի ղեկավարի պատասխանը, քանի որ դրանում չի բացառվում օրենսդիրների մետատվյալների հավաքագրման հավանականությունը ավելի լայնածավալ հսկողության շրջանակներում: Սանդերսի հայտարարության մեջ ասվում է, որ ԱԱԳ-ը հավաքում է հսկայական տեղեկատվություն, որը սենատորի կարծիքով՝ կարող է վարչակազմի կողմից օգտագործվել ընդդեմ պաշտոնական անձանց:








































