Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է Քնարիկ Գ.-ի (անունը փոխված է) գործի դատավարությունը:
2 ուսանող երեխաների մայր, 39-ամյա Քնարիկը մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու համար՝ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ըստ դատական ակտի՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, նա ոստիկանությունում հաղորդում է տվել, թե իր ամուսինը 2013 թվականի օգոստոսի կեսից մինչև օգոստոսի 24-ը իր կամքին հակառակ, սպառնալիքներով ու բռնություն գործադրելով՝ իր հետ սեռական հարաբերություններ է ունեցել ոչ ավանդական եղանակներով, ինչպես նաև սեքսուալ գործողություններ է կատարել այլ առարկաների օգտագործմամբ…
Կինը ամուսնու նկատմամբ նման կարգի մատնություն կատարելուց, ծանր հանցագործության մեջ նրան մեղադրելուց հետո, երբ նախաքննական մարմինն այդ մեղադրանքը չի հաստատել, իրեն լիովին մեղավոր ճանաչել մատնության համար ու դատարանում էլ միջնորդել է, որ գործը քննվի արագացված կարգով:
Ամբաստանյալուհին դատապարտվել է 6 ամիս ազատազրկման: Համաներման կիրառմամբ նա ազատվել է պատժի կրումից:









































