Հունվարի 8-ին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, ճամփեզրից դուրս, իր սեփական ավտոմեքենայի մեջ՝ 1977 թ. ծնված վանաձորցի Մհեր Գրիգորյանի սպանության փաստի առթիվ Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցված գործով մեղադրանք է առաջադրված 1977 թ. ծնված Արամ Սարգսյանին, ով ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Սպանվածը նախկին զինվորական էր, ներկայիս գործարար, Վանաձորում թոնրատուն ուներ, խորտկարան և դեղատուն, 3 անչափահաս երեխաների հայր էր: Սպանություն կատարողը, որը հայտնի «Մնջո» մականվամբ, Ազնվաձոր համայնքի բնակիչ է, 5 անչափահաս երեխաների հայր, զբաղվում է անասնապահությամբ:
Կրծքավանդակի աջ մասում և ձախ ազդրի շրջանում դանակի 11 հարվածներով մանկության ընկերոջը սպանելու պատճառը, ըստ Արամ Սարգսյանի, խանդն է. այդ քայլին է դիմել՝ իմանալով տարիներ առաջ ընկերոջ կողմից իր կնոջն արված առաջարկության մասին:
Մինչդեռ սպանվածի ընտանիքի անդամները լրագրողներին տված հարցազրույցներում խանդի վարկածը համարել են աբսուրդ՝ հավելելով, որ Արամը նման քայլի է դիմել պարզապես նախանձից, քանի որ Մհերը կյանքում շատ բաների էր հասել, իսկ ինքը՝ ոչ: Սպանվածի հարազատները նույնիսկ ասել են, թե հենց Արամի կինն է աչք ունեցել Մհերի վրա, ոչ թե Մհերը՝ Արամի կնոջ:
Ազնվաձորը մեծ համայնք չէ, և իր բոլոր բնակիչներին համայնքի ղեկավարն անձամբ է ճանաչում: Ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանցեց գյուղապետ Նարեկ Հովսեփյանը, Արամ Սարգսյանի ընտանիքը սոցիալապես նորմալ պայմաններում է ապրում: Անասնապահությամբ են զբաղվում, մոտ 20 գլուխ ոչխար ունեն, մի քանի խոզ ու կով: Որպես բազմանդամ ընտանիք՝ նաև սոցիալական նպաստ են ստանում, երեխաներից մեկի համար՝ նաև հիվանդության թոշակ:
Գյուղապետն անհավանական է համարում նախանձից սպանություն կատարելու՝ սպանվածի հարազատների առաջ քաշած վարկածը: «Նախանձը բացառում եմ՝ իրեն որոշակիորեն ճանաչելով: Չեմ կարծում, որ էդ տեսակ պատճառով սպանություն կատարեր»,- նշեց Նարեկ Հովսեփյանը:
Սպանության վերաբերյալ գյուղում շրջանառվող խոսակցությունները կապված են Արամի կնոջ հետ: Վերջինիս վարքի մասին, սակայն, գյուղապետը դժվարանում է միանշանակ որևէ բան ասել: «Դե, դա ոչ մեկը միանշանակ որևէ մեկի մասին չի կարող ասել, որովհետև դա էն տեսակ բան չի, որ ընտանիք ունեցող կինը, ենթադրենք, կապվի մեկի հետ, ու դա արվի բացահայտ: Էդ պատճառով հնարավոր չի միանշանակ ասել, էլի: Թե դա ինչ առաջարկ է եղել, ոնց է եղել… Եթե իր ամուսինը նոր է իմացել, բնական է՝ մենք դրա մասին ավելի շուտ չէինք կարող իմանալ: Ինչքանով է հավաստի, որևէ կերպ չեմ կարող հիմնավորել, բայց շրջանառվող լուրերով՝ դրա հետ է կապվում դեպքը»,- հայտնեց գյուղապետը:
Նա նաև հավելեց, որ վերջին շրջանում Արամին հաճախ հարբած էր տեսնում, ինչը նկատելի էր, քանի որ նախկինում նա բացարձակապես ալկոհոլ չէր օգտագործում:







































