«Տրամաբանորեն ինքն էլ կարող է մեկ այլ կարծիք ունենալ, քան ունի այս պահին մեծամասնությունը». Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի վերաբերյալ այսպես է արտահայտվել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Սա շատ հատկանշական արտահայտություն է. Սահակյանի ակնարկն այն մասին է, որ Ռոբերտ Քոչարյանը այսօր փոքրամասնություն է, և իշխանության մեջ նրա կարծիքները չեն կիսվում: Այս պահն իսկապես հատկանշական է՝ նկատի ունենալով այն, որ Քոչարյանի վերջին շրջանի ակտիվությունից հետո, ըստ էության, ամենաշատ տրվող հարցերից ու քննարկվող թեմաներից մեկն էլ այն է, թե ինչ դիրքորոշում ունեն իշխանության մեջ գտնվող շերտերը, մասնավորապես՝ Քոչարյանի հետ միասին տասը տարի երկրում իշխանական մեծամասնություն հանդիսացած ՀՀԿ-ականները նրա ներկայիս հայտարարությունների վերաբերյալ: Առավել ևս, որ երկրորդ նախագահի ռազմավարության մեջ այս հարցը ևս պետք է որ տրամաբանորեն տեղավորվի:
Նա, անշուշտ, մտածում է քաղաքականություն վերադարձի մասին, առնվազն դիտարկում այդ տարբերակի հավանականությունը, և այս իմաստով, իհարկե, նրա համար շատ կարևոր է լինելու, թե ինչպես են դրան նայում իշխանության ներսում, մասնավորապես՝ բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում վերցրած ՀՀԿ-ում:
Գալուստ Սահակյանի խոսքերը վկայում են, որ ՀՀԿ-ում Ռոբերտ Քոչարյանը «մեծամասնություն» չունի, և նրա ակտիվությունը հավանության չի արժանանում: Այստեղ, սակայն, հարց է ծագում՝ Գալուստ Սահակյանը ի՞ր կարծիքն է հայտնում, թե՞ բոլոր ՀՀԿ-ականների կամ ՀՀԿ-ի մեծամասնության: Այս հարցը առնվազն առայժմ պատասխան չունի:
Այն, որ ՀՀԿ-ն, ըստ էության, ամորֆ մի մարմին է, որին հանգամանքներն են որևէ ձև կամ որևէ բովանդակություն տալիս՝ նյութական և ֆինանսական հանգամանքները, մենք համոզվել ենք՝ սկսած 1998 թվականից: Եվ այս տեսանկյունից կասկած չկա, որ ՀՀԿ-ի կարծիք ասվածը հարաբերական է, և այսօր մի բանին դեմ լինելով՝ ՀՀԿ-ն հաջորդ իսկ առավոտ կողմ կլինի նույն այդ բանին՝ կախված հանգամանքներից:
Սակայն այս պահին իսկապես ուշագրավ է, թե բացի Գալուստ Սահակյանից՝ էլ ո՞վ կամ ովքե՞ր են ՀՀԿ-ում Ռոբերտ Քոչարյանին համարում փոքրամասնություն: Օրինակ՝ նրա հետ օդանավում պատահաբար ճանապարհորդող Հովիկ Աբրահամյանը Քոչարյանին փոքրամասնություն համարո՞ւմ է, թե՞ ոչ, կամ ՀՀԿ-ի, այսպես ասած, քրեական և օլիգարխիկ հեղինակությունները, պաշտոնաթող գեներալները, որոնց Ռոբերտ Քոչարյանը ազատեց ՊՆ-ից, իսկ Սերժ Սարգսյանը վերադարձրեց առաջին շարքեր, ի՞նչ կարծիքի են Քոչարյանի հնարավոր հավակնությունների մասին:
Այս ամենն անհայտ է, որովհետև քչերն են արտահայտվում՝ կամ չեն ցանկանում, կամ էլ նրանց թույլատրված չէ, քանի որ հանկարծ կարող են Քոչարյանի հետ երկխոսության մեջ մտնել, ու հանկարծ տեղի կունենա 1998-ի պես մի բան:
Այնպես որ՝ Գալուստ Սահակյանի հայտարարությունը միգուցե նաև, այսպես ասած, կանխարգելիչ բնույթ ունի՝ այն իմաստով, որ փորձում է սաստել ՀՀԿ-ականներին՝ Սերժ Սարգսյանի հրահանգով, իհարկե:
Սա, անկասկած, տարբերակներից մեկն է, որովհետև իրականում պետք չէ բացառել նաև այն տարբերակը, որ ՀՀԿ-ում իսկապես Ռոբերտ Քոչարյանին համարում են դժգոհ փոքրամասնություն՝ շատ թույլ գնահատելով վերադարձի նրա հնարավորությունները: Համենայնդեպս՝ նկատելի է մի բան, որ Քոչարյանն ըստ էության դեռ շարունակում է աշխատել ՀՀԿ-ին մեսիջներ հղելու ուղղությամբ, այսինքն՝ դեռ ակնկալիքներ ունի համապատասխան հող կամ բազա ձևավորելու այնտեղ՝ հատկապես, որ տարիներ առաջ հայտարարեց, թե շատերին 2007 թվականին հենց ինքն է ՀՀԿ գործուղել, որ ուժեղացնի այդ կուսակցությունը:
Իհարկե, ուտել-ուրանալը Հայաստանի իշխանական արժեքայինում բացարձակապես խորթ երևույթ չէ, և ավելին՝ ամեն ինչ հենց դրա վրա է հիմնված: Եվ սա է, որ միշտ թույլ է տալիս հույս դնել ՀՀԿ-ի վրա՝ շատ լավ իմանալով, որ դրա վրա հույս դնել չի կարելի: Մյուս կողմից՝ առնվազն այսօր առկա է նաև հարցը՝ իսկ ո՞ւմ վրա հույս դնի Քոչարյանը, երբ մինչև այսօր որևէ քաղաքական ուժ քիչ թե շատ կայուն և հստակ արձագանք չի տվել նրա որևէ մեսիջի կամ պատասխան՝ նրա վերադարձի ցանկության դեպքում սեփական դիրքորոշման վերաբերյալ:








































