Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ, որոնցից շատերը նախորդ տարում բուռն քննարկումների ու դժգոհությունների տեղիք տվեցին:
2013թ. վերջին նիստում՝ դեկտեմբերի 26-ին, կառավարությունը սահմանեց մի շարք սոցիալական նպաստների չափերը 2014թ. բյուջեի հիման վրա: Ըստ այդմ՝ որոշվել է ծերության սոցիալական նպաստի չափը սահմանել 14000 դրամ, հաշմանդամության սոցիալական նպաստի չափերը՝ ա) առաջին խմբի հաշմանդամի համար՝ 19600 դրամ, բ) երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16800 դրամ, գ) երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 14000 դրամ: Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստի չափը կլինի 14000 դրամ, իսկ երկկողմանի ծնողազուրկ՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 70000 դրամ, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով սահմանված թաղման նպաստի չափն է 200 000 դրամ:
Հունվարի 1-ից ուժի մեջ մտած Պետական նպաստների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով ու լրացումներով կարգավորվում են պետական նպաստի տեսակները: Օրենքը նախատեսում է, որ ընտանեկան նպաստ կարող են ստանալ միայն անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքները, որտեղ երեխա կա: Անապահով, բայց միայն չափահաս անձանցից կազմված ընտանիքներին կհատկացվի միայն «սոցիալական նպաստ»:
Ծխելու դեմ պայքարը օրենսդրական մակարդակով սկիզբ է առել դեռևս 2004 թվականին, իսկ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն ծխելու դեմ պայքարի խստացում նախատեսող համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ ՀՀ առողջապահության նախարարը դեռ 2013-ին Ազգային ժողովում վստահեցրել է, որ 2014 թվականի սկզբից առողջ ապրելակերպի խթանումը լինելու է հատուկ ուղղություն, իրականացվելու են բազմաթիվ ռազմավարական ծրագրեր, նպատակ կա ստեղծելու վազքուղիներ, հեծանվահրապարակներ: 2014-ի պետբյուջեից ռազմավարական այս ծրագրի համար նախատեսված է հատկացնել 10 միլիոն դրամ: Առողջ ապրելակերպի խթանման նպատակով ԱՆ մշակած օրենսդրական նախաձեռնություններից է ծխախոտի գովազդի արգելումը, բացի այդ՝ ֆիլմերում չպետք է ֆիքսվի ծխելու գործընթացը. հունվարի 1-ից ծխելու գործընթաց ցուցադրող յուրաքանչյուր դրվագ կարգելվի:
Հունվարի 1-ից Հայաստանն անցնում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որը վերաբերում է 1974 թ.-ից հետո ծնվածներին: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5% այդ աշխատողների անհատական հաշվին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի վճարի։ Համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ նախորդ տարում պայքարի մեծ ալիք ծավալվեց. պայքարող երիտասարդներին միացան ՀՀ ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները և Մարդու իրավունքների պաշտպանը: Վերջիններս համատեղ դիմեցին Սահմանադրական դատարան՝ համակարգի ներդրումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով, միաժամանակ նաև միջնորդություն ներկայացրին՝ օրենքի կիրարկումն առժամանակ կասեցնելու հարցով:
Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ 2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու, իսկ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու հանգամանքն ստուգվելու է, և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ կիրառվելու է վարչական պատասխանատվություն՝ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով, նույնիսկ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի շահագործվում:
Սահմանված ժամկետում ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր տասն օրվա համար նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (5000 դրամ) չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100000 դրամ) չափով: Բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ օրենքով սահմանված կարգով դրանք տիրապետող անձինք պարտավոր են սահմանված ժամկետում (նախորդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո 10-օրյա ժամկետում) կնքել նոր ԱՊՊԱ պայմանագիր և տրանսպորտային միջոցը վարել միայն գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում (նախորդ պայմանագրի ժամկետի ավարտը համարվում է ոչ թե ԱՊՊԱ կտրոնի վրա փակցված ամսվա վերջին օրը, այլ ԱՊՊԱ պայմանագրում նշված օրը), տևական ժամանակով չշահագործվող տրանսպորտային միջոցը հարկ է ժամանակավորապես հանել հաշվառումից (դա անվճար է)՝ տուգանքներից խուսափելու համար:
Կենսաչափական տվյալներով անձնագրերն ու նույնականացման քարտերը Հայաստանում գործողության մեջ են դրվել 2012 թվականի հունիսի 1-ից, այդ ժամանակվանից հնարավոր էր կամավորության սկզբունքով միանալ այդ համակարգին: Անձնագրային նոր համակարգի արդյունավետությունը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել 2014 թվականի հունվարի 1-ից այն կիրառել պարտադիր. այսուհետ փաստաթուղթ ստանալու համար դիմող քաղաքացիներին կտրամադրվեն կենսաչափական տվյալներ պարունակող նույնականացման քարտ և անձնագիր (10 տարով):
Աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամներին և 16 տարին լրացողներին նույնականացման քարտ տրվում է անվճար, նախկին նմուշի անձնագրերը, մինչև իրենց վավերականության ժամկետի ավարտը, համարվում են վավեր, մինչև 16 տարեկանները և նախազորակոչային տարիքի արական սեռի ներկայացուցիչները՝ 16-18 տարեկանները, ում անձնագիրը տրվում է երեք տարով, սեփական կամքով կարող են հին նմուշի անձնագրեր ստանալ: Կենսաչափական տվյալներով նույնականացման քարտի պետական տուրքը նախատեսված է 3000 դրամ, իսկ կենսաչափական անձնագրերը՝ 25000 դրամ: Նույնականացման քարտը կիրառվում է Հայաստանի տարածքում, և քաղաքացիները կարող են ստանալ միայն նույնականացման քարտ:
Ընթացիկ տարում, սակայն ավելի ուշ՝ հուլիսի 1-ից, ուժի մեջ կմտնի մեկ այլ՝ տարվա ընթացքում ոչ պակաս բուռն քննարկումների առիթ տված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է պետական պաշտոնյաների և ծառայողների համար սահմանել աշխատավարձերի միասնական սանդղակներ, համադրելի դարձնել տարբեր համակարգերում աշխատողների աշխատավարձի չափերը՝ աստիճանաբար վերացնելով դրանց միջև տարիների ընթացքում առաջացած անհամամասնությունները:
Նախագծի արդյունքում ՀՀ նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը 2014թ. հուլիսի 1-ից կստանան ավելի քան 1 մլն դրամ, փոխվարչապետը, գլխավոր դատախազը, Վճռաբեկ դատարանի նախագահը, Վերահսկիչ պալատի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը՝ 1 մլն-ից փոքր-ինչ պակաս, իսկ ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, մարզպետները, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը, նախարարի առաջին տեղակալը և շատերը՝ ավելի քան 600 000 դրամ աշխատավարձ:









































