«Եթե որևէ մեկն ուզում է ժամկետից շուտ պաշտոնը թողնել, բնական է՝ ոչ ոք չի կարող արգելել, դա նրա իրավունքն է, և նման ընթացակարգ նախատեսված է»,- «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանի վաղաժամ պաշտոնաթողության մասին մամուլում տարածված լուրերը` նշել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
Ի դեպ, նա տեղեկացրել է, որ ՄԻԵԴ կանոնակարգում նոր փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն` այսուհետ անձը ԵԴ-ում դատավոր կարող է նշանակվել միայն 1 անգամ, 9 տարի ժամկետով:
Մինչդեռ Ա. Գյուլումնյանն արդեն 11 տարի աշխատում է ԵԴ-ում: Հետևաբար, պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վերընտրվելու իրավունք այլևս չունի: Հիշեցնենք` Ալվինա Գյուլումյանը ՄԻԵԴ-ում Հայայստանի դատավոր է նշանակվել 2003թ.` 6 տարի ժամկետով, և 2009թ. վերընտրվել է այդ պաշտոնում ևս 6 տարով` մինչև 2015 թվականը:
Արա Ղազարյանի մեկնաբանմամբ՝ ԵԴ դատավորների թիվը, դատավորներին ներկայացվող պահանջները, գործունեությունը մասամբ կարգավորվում է Եվրոպական կոնվենցիայով, մասամբ` ՄԻԵԴ կանոնանկարգով:
«Պետությունը ներկայացնում է 3 թեկնածու, որոնք հաստատվում են ԱԺ կողմից, ներկայացվում են Ստրասբուրգ, Ստրասբուրգում արդեն նրանց ընտրության հարցը ներառվում է ԵԽԽՎ նիստերից մեկի օրակարգում և ընտրում են թեկնածուներից մեկին»,- մեկնաբանելով գործող ընթացակարգը՝ նշել է Արա Ղազարյանը:
Ի դեպ, նա նաև տեղեկացրել է, որ ԵԽ-ում այժմ նոր ընթացակարգ է հասունանում, որի համաձայն՝ ոչ միայն պետությունը իրավունք կունենա թեկնածուներ ներկայացնել, այլև քաղաքացիական հասարակությունը՝ նույնպես:
Մանրամասները` «Փաստինֆո»-ում









































