Անցնող շաբաթը 2014 թվականի առաջին աշխատանքային շաբաթն էր, որի ընթացքում բարձրաձայն կամ մտովի ամենահաճախ հնչող հարցերից է այն, թե ինչ է սպասվում 2014 թվականին Հայաստանում, ինչպես են զարգանալու հասարակական, քաղաքական, տնտեսական իրադարձությունները: Եվ այս իմաստով այն, որ հունվարի 8-ին տարվա առաջին աշխատանքային օրն էր, ինչ որ առումով խորհրդանշականություն ունի, և ոչ ուրախ խորհրդանշականություն, կամ ավելի շուտ՝ ոչ ոգևորիչ խորհրդանշականություն: Բանն այն է, որ Հայաստանն այնպիսի վիճակում է, որ երկրին աշխատանք է պետք, տքնաջան, հետևողական, անմնացորդ նվիրումով աշխատանք, մինչդեռ տարին մեկնարկեց 7-օրյա հանգստով, որին եթե գումարենք նախորդ տարվանից ևս երեք օրը, ստացվում է առնվազն 10-օրյա տոնական արձակուրդ մի երկրում, որտեղ պետք է ամեն մի օրը կարևոր լինի աշխատանքի համար, կարևոր լինի աշխատանքի ամեն մի ժամը: Խոսքը ամանևին անհանգիստ, անընդհատ, հյուծող աշխատանքի մասին չէ: Ի վերջո, դա էլ ծայրահեղություն է, որին, սակայն, ակամայից տրված է Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ օրվա հացը մի կերպ վաստակելու համար: Մինչդեռ, հայտնի խոսք կա, որ ով ինչպես հանգստանում է, այդպես էլ աշխատում է: Չէ՞ որ աշխատանքի համար ուժ է պետք, հետևաբար պետք է երբեմն-երբեմն վերականգնել ուժերը: Սակայն 11-օրյա Տարեմուտի արձակուրդը ոչ թե ուժերը վերականգնելուն, այլ ռեսուրսները վատնելուն միտված արձակուրդ էր:
11 օր շարունակ Հայաստանի բնակչությունը վատնում էր առանց աշխատելու, վատնում էր անմնացորդ, մարդկանց մի զգալի մասը նույնիսկ վարկով ու պարտքով էր Նոր տարի անում: Արդյունքում, 11 օրվա ընթացքում ապրանք ներկրող ու վաճառող օլիգարխները հարստացան այնքան, որ երևի թե տարվա 12 ամիսների ընթացքում չէին կարող հարստանալ: Հասարակությունը վատնեց, մսխեց եղածը, նոր պարտքեր կուտակեց նոր տարվա համար, և 8-րդ օրը դուրս գալով աշխատանքի՝ պետք է սկսի վազել իր 11-օրյա արձակուրդի հետևանքների հետևից՝ մոռանալով թե՛ անցած տոները, թե՛ սեղանները, թե՛ կենացներն ու բարեմաղթանքները:
Եվ այս երևույթի մեջ է նաև պատասխանը հարցի, թե ինչ է սպասվում Հայաստանին 2014 թվականին: Բանն այն է, որ այդ 11-օրյա արձակուրդը Հայաստանի, այսպես ասած, յուրօրինակ փոքր, խտացված մոդել է: Այսինքն՝ պետությունն ամբողջ տարին ապրում է գրեթե նույն հոգեբանությամբ ու ռեժիով, որով ապրում է հասարակության մեծ մասը Տարեմուտի այդ տասնօրյակում: Ավելին՝ պետությունը, տվյալ դեպքում՝ իշխանությունները, հենց տարվա ընթացքում իրենց կառավարման այդ մսխող հոգեբանությունը լեգիտիմացնելու համար էլ ապահովում են Տարեմուտի 11-օրյա արձակուրդը հասարակության համար՝ նրան այդ հոգեբանության զոհից պարբերաբար վերածելով հոգեբանության կրողի, իրացնողի:
Այս ամենը, իհարկե, 2014 թվականի համար լավատեսություն չի ներշնչում: Չի ներշնչում, որովհետև հասարակությունն առնվազն մինչև տարվա առաջին աշխատանքային ութերորդ օրը գտնվում է նույն այն հին մոդելավորման ծիրում, որում արդեն ոչ միայն անկախության տասնամյակներում, այլ նաև դրան նախորդող մի քանի հարյուրամյակներում էր: Եվ քանի որ մինչ այս պահը հասարակությունն այդ նույն մոդելի մեջ է, քիչ է հավանականությունը, որ 2014 թվականն իր ընթացքով ու արդյունքներով կտեղավորվի նոր մոդելի մեջ, կբերի նոր արդյունքների: Այդ բանը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ հասարակությունը կգիտակցի, որ խնդիրը հենց պարբերաբար, գրեթե ազգովի իշխանությունների լեգիտիմության ծուղակների մեջ հայտնվելն է: Այդպես է կենցաղում, այդպես է հասարակական կյանքում, այդպես է քաղաքական կյանքում: Հիմնական բոլոր խաղացողները լեգիտիմության այդ ծուղակների մեջ են, ինչքան էլ որ խոսում են, աղաղակում են իշխանության ոչ լեգիտիմության մասին: Իշխանություններին հետաքրքիր չէ իրենց անձնական լեգիտիմությունը, հետաքրքիր է կանոնների լեգիտիմության հարցը: Իշխանությունների ուժը կամ թուլությունը անձնական լեգիտիմության կամ դրա բացակայության մեջ չէ, այլ այն կանոնների, որոնք իշխանական համակարգը Հայաստանում սկսել է հետևողականորեն ներդնել 90-ականների կեսից և ինստիտուցիոնալացրել է 2000-ականների սկզբից: Իշխանությունները պատրաստ են անգամ անձնական լեգիտիմությունն էլ ավելի, շարունակաբար հարվածի տակ դնելու գնով պահել և ավելացնել կանոնների լեգիտիմությունը: Տարեմուտը դրա կենցաղային օրինակն է: Կան դրա քաղաքական օրինակները, երբ քաղաքական կյանքը վերածվել է կլանայնության և կլաններից դուրս գտնվողները ինքնաբերաբար դասվում են թշնամիների կամ հակառակորդների շարքին: Այսինքն՝ իշխանությունները ներդրել են սևի ու սպիտակի կանոնը՝ շատ լավ իմանալով, որ դրանով ջլատվելու է հանրության ներուժը, որ հասարակության մեջ այդ կանոնի հիմքով ընթանալու է ինքնահոշոտման պրոցես: Եվ, այսպես կոչված, քաղաքականությամբ զբաղվողների հիմնական մասը տրվել է այդ կանոններն ու իշխանություններին հայհոյելով, իր համար լավ էլ նկատելի կամ թեկուզ աննկատ հոշոտում է հենց հասարակությանը, ոչ թե իշխանական համակարգին:
Այս ամենից դուրս չգալու դեպքում արդյունքները երբեք չեն կարող դուրս լինել մինչև այսօր արձանագրված շրջանակներից թե՛ հանրային կյանքում, թե՛ գրեթե յուրաքանչյուրի անհատական շրջապատում: Մենք, որպես հասարակություն ու պետություն, կշարունակենք մնալ մսխման ռեժիմում և ինքնահոշոտման ռեժիմում:
Գուցե Նոր տարվա առաջին աշխատանքային օրվա համար այդքան էլ լավատեսական չստացվեց: Բայց նայած թե ինչ դիտանկյունից կնայենք հարցին: Ի վերջո, լավատեսությունն ու ինքնախաբեությունը մեզանում շատ դեպքերում դարձել են հոմանիշներ: Ինքնախաբեությունը լավատեսության հետ շփոթել պետք չէ: Հակառակը, որքան մենք ավելի խոր, այսպես ասած, հյուսվածք առ հյուսվածք հասկանանք մեզանում առկա խնդիրները, փորձենք հանգամանալից ուսումնասիրել տարբեր կողմեր տանող դրանց արմատները, այնքան ավելի կմոտեցնենք լավատեսության հիմքերը, որովհետև խնդրի արմատից հասկանալը դրանք լուծելու առաջնային գրավականն է:










































