Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ադրբեջանի համար այս կոնֆլիկտը սառեցված վիճակից հանելը ձեռնտու չէ

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի քաղաքականության և մշակութային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը

– Դովիլյան հանդիպումից հետո, երբ նշվեց, որ Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում պետք է ավարտին հասցվեն հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները, բոլոր կողմերից լավատեսական հայտարարություններ հնչեցին` առ այն, որ Կազանում պետք է առաջընթաց արձանագրվի: Այս ամենի ֆոնին, հաշվի առնելով ադրբեջանական և հայկական կողմերից հնչող հայտարարությունները, հնարավոր համարո՞ւմ եք, որ Կազանում առաջընթաց արձանագրվի:

– Լեռնային Ղարաբաղի նման հարցերը հնարավոր է լուծել միայն երկու ճանապարհով: Առաջին ճանապարհը ժողովրդավարական հասարակության մեջ ընդունված ուղիներն են, որի վերջին շրջանի ամենահայտնի օրինակը Քվեբեկի ինքնորոշման շուրջ գործընթացն էր: Երկրորդ ճանապարհը կոնֆլիկտի տրանսֆորմացիան է, երբ սկսվում է համագործակցություն այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է, և աստիճանաբար իրավիճակը բերում է նրան, որ կոնֆլիկտի էությունը կորչում է: Օրինակ` ֆրանկո-գերմանական հակամարտությունը Եվրամիության միջոցով տրանսֆորմացվեց, և այսօր մարդիկ խաղաղ ապրում են` վերացնելով կոնֆլիկտի նախկինում գոյություն ունեցող բոլոր հիմքերը: Լեռնային Ղարաբաղի հարցում ես նման ճանապարհների իրականացման հիմք չեմ տեսնում` մեր հասարակությունները ժողովրդավարական չեն, որևէ մեկը չի վստահում այն իբրև թե ժողովրդավարական գործընթացներին, որոնք տեղի են ունենում, կա հավատի պակաս և, բացի այդ, այն փաստաթուղթը, որը մշակվել է Մադրիդում, կոնֆլիկտի տրանսֆորմացում չի ենթադրում: Իհարկե, այդ փաստաթուղթը ենթադրում է ժողովրդավարական գործընթաց` հանրաքվե ինչ-որ ժամանակ հետո, սակայն որի պայմանները հստակ չեն, և դրա արդյունքներին ոչ ոք չի վստահի: Այլ կերպ` կոնֆլիկտը ստիպելով լուծելու հանգամանքը հանգեցնելու է մի իրավիճակի, որի արդյունքում կողմերից մեկն էլի դժգոհ կլինի, ինչն էլ նոր կոնֆլիկտի հավանականությունը մեծացնում է: Կարծում եմ` ԼՂ կոնֆլիկտի նման խնդիրները լուծվում են այն դեպքում, եթե կա ամբողջական կոնսենսուս բոլոր շահագրգիռ կողմերի միջև: Աբխազիայի և Հարավային  Օսիայի 2008թ. պատերազմից հետո հարցի միջնաժամկետ կարգավորումը հանգեցրեց նրան, որ այս կոնֆլիկտում բաժնետոմսերի տերերը իրենց բաժնետոմսերը տեղափոխել են ԼՂ կոնֆլիկտ, և բնականաբար, այստեղ շահերը բազմազան են և խճճված: Ինչքան էլ, որ ուզում են ասեն, թե երեք համանախագահների գործողությունները համաձայնեցված են, սակայն հստակ է, որ երեք համանախագահներով չի սպառվում բաժնետոմսերի տերերի ցանկը, քանզի կան երկրներ, որոնք ներգրավված չեն ՄԽ մեջ, բայց այս խնդրում շատ լուրջ շահեր ունեն` Իրանը, Թուրքիան, Վրաստանը: Բացի այդ` երեք համանախագահների միջև էլ շատ լուրջ խնդիրներ կան մի շարք հարցերում, որոնցից մի քանիսը դեռևս չեն էլ քննարկվել: Եվ այս պայմաններում սպասել որևէ լուրջ առաջխաղացման` պատրանք է, հատկապես, որ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես այնպիսի հայտարարություններ է անում, որոնք հիմք չեն տալիս վստահության: Սակայն ամեն դեպքում չեմ էլ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարության համար այս կոնֆլիկտը սառեցված վիճակից հանելը ձեռնտու է:

– Այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք ադրբեջանական ղեկավարության` նախագահ Ի.Ալիևի վերջին հայտարարությունը, թե կազանյան հանդիպումը ԼՂ հարցի կարգավորման վերջին հնարավորությունն է:

– Դա իր հերթական ճնշումն է: Նա ճկուն դիվանագետ չէ և նման թեթևսոլիկ հայտարարություններով ուզում է ասել, թե հարցը չլուծեցիք` կռիվ եմ սկսելու: Հավատացնում եմ Ձեզ, նրա հայտարարությունը հենց այդպես էլ ընկալվում է բանալի խաղացողների կողմից և առանձնապես լուրջ չի ընկալվում:

– Խոսեցիք ԼՂ հակամարտությունում «բաժնետոմսերի տերերի» մասին: Ակնհայտ է, որ առավել մեծ բաժնետոմս և շահագրգռվածություն ունի Ռուսաստանը: Վերջինս 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո ցույց տալու համար, որ ինքը կարող է խաղաղ կարգավորման գործընթաց իրականացնել, ԼՂ հարցում առաջատար միջնորդի դեր ստանձնեց, սակայն մինչ օրս այս հարցում որևէ առաջընթացի չի հասել: Կարելի՞  է ենթադրել, որ Ռուսաստանը սեփական իմիջի համար գործադրի իր ճնշման լծակները կողմերի վրա որևէ փաստաթուղթ ստանալու համար:

– Կարծում եմ` այս խնդրում ամենաշահագրգիռ կողմը Լեռնային Ղարաբաղն է, որը չի մասնակցում բանակցություններին և լուծման հնարավորությունը կախված է նրանից, թե որքանով առաջարկվող տարբերակը կապահովի ԼՂՀ շահերը և համահունչ կլինի ժողովրդի նկրտումներին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է հստակ հիշենք, որ զինադադարը եղավ Ռուսաստանի միջնորդությամբ, և Ռուսաստանը շատ կարևոր արդյունքի հասավ: Կարծում եմ` Ռուսաստանի դերը, որպես խաղաղ բանակցություններին օժանդակողի, չափազանց կարևոր է, այնուամենայնիվ պետք չէ առանձնացնել մյուս երկու համանախագահներից, քանզի նրանք երեքն էլ իրավահավասար են և համագործակցում են: Ռուսաստանն իր իմիջից բացի, կարևոր այլ շահեր ևս ունի, որոնց մեծ մասը, ցավոք սրտի, էներգետիկ ոլորտում է: Ռուսաստանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ` դրա համար դրսևորելով որոշակի հավասարակշռված դիրքորոշում բանակցությունների սեղանի շուրջ: Անշուշտ, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների և անցած պատմության հիման վրա Հայաստանը դա դիտարկում է որպես նահանջ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունից` Ռուսաստանը գերադասում է էներգետիկ շահերը ռազմավարական շահերին: Ռուսաստանի վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ հավասարություն է դնում այս շահերի միջև, սակայն իմ տեսանկյունից ռազմավարականը միշտ ավելի կարևոր է, և դրան պիտի ենթարկվեն էներգետիկ շահերը: Պետք չէ մոռանալ նաև ռուս-թուրքական վերջին շրջանում բավականին ակտիվ զարգացող հարաբերությունների մասին:  Ինչ վերաբերում է կողմերի վրա ճնշման լծակներին, ապա, անշուշտ, նման լծակներ կան, բայց ցանկալի արդյունքի համար եթե կողմերից մեկին ստիպում ես, որ հանձնվի, իսկ մյուսին հայտարարում ես հաղթող, ապա կողմերից ոչ մեկն էլ չի մերվի իր պարտության հետ, ինչը նշանակում է, որ իրական երկարաժամկետ լուծում այդ դեպքում չի կարող լինել:

– Դուք խոսեցիք կոնֆլիկտների լուծման ժողովրդավարական ճանապարհի և ներքին վստահության առկայության կարևորության մասին: Շատ է խոսվում, որ Հայաստանում սկսված քաղաքական երկխոսությունը ընդդիմության և իշխանության միջև թելադրված է հենց արտաքին ուժերի կողմից, որպեսզի երկրում ստեղծվի վստահության մթնոլորտ, թուլացվի ներքաղաքական լարվածությունը, ինչն էլ թույլ կտա առաջընթաց գրանցել ԼՂ հարցում: Համաձա՞յն եք այդ գնահատականների հետ:

– Համաձայն չեմ` երկրի ներքին գործերը հիմնականում պայմանավորված են երկրի ներքին ուժերի դասավորությամբ: Անշուշտ, արտաքին ուժերի ազդեցությունը բավականին նշանակալից է լինում, և դա պետք է հաշվի առնել, բայց հիմնականը ներքին ուժերն են: Երբ կա իշխանություն, որը դեռ չի մարսել 2008թ. մարտի 1-ը, իսկ երկրի տնտեսությունը հիմնված է մոնոպոլիստական համակարգի վրա, և կա ուժեղ ընդդիմություն, ապա անհնար է, որ երկրում չլինեն բարեփոխումներ: Կարծում եմ, որ շատ լավ է, որ այս գործընթացն սկսվել է և պետք է անընդհատ, ե՛ւ երկխոսություն, ե՛ւ պայքար է պետք, որպեսզի արագացվի բարեփոխումների ընթացքը, իսկ վերջիններս ենթարկվեն կորեկցիայի: Սակայն որևէ բան իր նպատակին չի հասնի, եթե տնտեսական համակարգը մոնոպոլիստական է, այսօր դա կապանք է մեր զարգացմանը: Իսկ որքան ավելի ժողովրդավարական է հասարակությունը, այնքան ավելի փափուկ և մեղմ ճանապարհով են լուծվում ներքին խնդիրները, այդքան ավելի ներդաշնակեցված են տարբեր և երբեմն շատ հակադիր շահերը երկրի ներսում, ոչ ժողովրդավարական երկրում դրա միակ ձևը կրակելն է, ինչը մենք արդեն տեսել ենք: Եվ պարզ է` ինչքան ավելի ուժեղ է երկիրը, այնքան ավելի ուժեղ է նրա դերը ԼՂ հարցում, և այնքան ավելի շատ է նրա աջակցությունը հենց նույն Լեռնային Ղարաբաղին:

– Եվրախորհրդարանում Ղարաբաղի հարցին նվիրված լսումների ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարեց, որ եթե հիմնարար սկզբունքները չընդունվեն մոտ ապագայում, ապա համանախագահները ստիպված կլինեն հանդես գալ նոր հայեցակարգով։ Կարելի՞ է ասել, որ միջնորդները առաջընթացի բացակայության պայմաններում ավարտում են կարգավորման այս փուլը և առաջարկում են աշխատել նոր հայեցակարգի շուրջ:

– Եթե մի գործընթաց մտնում է փակուղի, ապա դա նշանակում է, որ այդ գործընթացի համար ընտրված փիլիսոփայությունն է սխալ, և այդ փիլիսոփայությունը պետք է վերանայվի, արժեքային հիմքը պիտի ճիշտ ընտրվի: Կարծում եմ` այդ դեպքում պիտի ճիշտ մոտեցումներ մշակեն և նոր ձևով սկսեն գործընթացը: Ես մեր հարցազրույցի սկզբում արդեն նշեցի այն երկու ճանապարհները, որոնք իրական լուծում են ապահովում:

– Նույն մարդիկ կամ նույն ֆորմատը ի վիճակի՞ են նոր փիլիսոփայություն մշակել:

– Ուրիշ ֆորմատ ստեղծելը իմաստ չունի, որովհետև մենք տեսնում ենք, որ ՄԱԿ-ում կամ միջազգային այլ կազմակերպությունների կամ միջնորդների մասնակցությամբ սխալ մեթոդական սկզբունքներով կազմակերպած նման հարցերի քննարկումը նորից բերում է փակուղու:

– Իսկ հնարավո՞ր է, որ ՄԽ անդամները փոխվեն և ներկայիս միջնորդները իրենց տեղը զիջեն ԵԱՀԿ այլ երկրների ներկայացուցիչների:

– Դժվար, որովհետև այս ֆորմատը,- հեշտ թե բարդ,- այնուամենայնիվ աշխատում է և կարողանում  է կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և խոսեցնել: Գուցե մեծ հարցերը չեն լուծվում, բայց փոքր հարցերը փոխվստահության հիմք են ստեղծում: Իհարկե, շատ մեծ սխալ էր, և դա Ռոբերտ Քոչարյանի սխալն էր, երբ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից:

– Այսօր քննարկվում է խաղաղապահների տեղակայման հարցը. այդ մասին վերջերս հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարարը: Նա նշեց, որ այդ հարցն արդեն համաձայնեցված է և անգամ նշեց դրանց կազմը: Ձեր գնահատմամբ` ինչքանո՞վ է դա իրական կարգավորման այս փուլում:

– Սա պարզապես խոսակցություն է, որովհետև խաղաղապահների տեղակայումը ամենակարևոր խնդիրներից մեկն է: Դա այն հարցն է, որտեղ յուրաքանչյուր մանրուք շատ կարևոր է` սատանան մանրամասնությունների մեջ է: Եվ եթե բանակցային գործընթացում ուժային միջոցներ չլինեն, ապա այն շատ երկար ժամանակ է խլելու: Պարզ է, որ խաղաղապահների կազմում տարածաշրջանային երկրները և միջնոդ երկրները չպիտի լինեն, դա ընդունված կարգ է և դրա մասին հայտարարել պետք չէ:

– Իսկ այն, որ խաղաղապահների տեղակայումն արդեն համաձայնեցվա՞ծ է:

– Այ դրանում թույլ տվեք կասկածել, քանի որ դա այնքան երկար պրոցես է, որտեղ յուրաքանչյուր մանրամասն, յուրաքանչյուր տեղանուն, կազմը, լիազորությունները, մանդատը քննարկման հարց է:

– Անդրադառնանք հայ-թուրքական գործընթացին. մինչ Թուրքիայի ընտրությունները շատ էր խոսվում այն մասին, որ ընտրություններից հետո գործընթացը կվերսկսվի: Այսօր, սակայն, մենք նման միտում չենք տեսնում: Ձեր գնահատմամբ` այդ հույսերը կարդարացվե՞ն:

– Վավերացման պրոցեսը կախակայվել է, ինչն էլ նշանակում է, որ սրա հիմքում շատ կոնկրետ շահեր  կան: Ասել միայն որ դա թուրք-ադրբեջանական հարաբերություններով է պայմանավորված` նշանակում է անտեսել այդ լուրջ հարցի մնացած տարրերը: Իմ կարծիքով, սա չափազանց կարևոր հարց է նաև թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական, թուրք-եվրոպական հարաբերությունների տեսանկյունից: Նույնը ասել Հայաստանի համար` դժվար է. մեր կողմից միայն հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից է դիտարկվում խնդիրը, իսկ այնտեղ շատ խճողված է: Ուստի ասել, որ ընտրություններն անցան, ու հարցերը կլուծվեն` ճիշտ չէ: Սա բանակցային պրոցես է, որին պետք է մասնակցել հստակ դիրքորոշմամբ, որն էլ արդեն արտահայտվել է Ցյուրիխում: Թուրքիայի ընտրությունները նոր են ավարտվել, այնտեղ այնքան ներքին խնդիրներ կան, որ դեռևս պետք է սպասել: Ճիշտ է, որոշ մեսիջներ Թուրքիայից մեզ գալիս են, բայց դրանք դեռ պաշտոնական մակարդակով չեն: Իսկ մեր` քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների գործը պետք է լինի այն, որ ամեն ինչ անենք, որ երկու ազգերի միջև հաշտեցում տեղի ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում