«Ուրբան» կոչվող մաքսակետում ներկրողներն օրերով հերթ են կանգնում՝ Թուրքիայից և այլ երկրներից ներմուծված իրենց ապրանքը մաքսազերծելու համար։
«Մաքսազերծումը նորմալ չեն անում, ամեն պատուհանի մոտ կիլոմետրով հերթ ենք կանգնում ու գումարած դրան էլ գինն են թանկացրել՝ ամեն կիլոյի մեջ մեկուկես դոլարով թանկացրել են․ նախկինում 1 կգ-ն մաքսազերծում էինք 3 դոլարով, հիմա՝ 4-ից 4․5 դոլարով ու ապրանք բերողներն էլ տեղյակ չեն անգամ, որ թանկացել է։ Ստամբուլից ու Չինաստանից էդքան ապրանքը բերել ենք ու չգիտենք հիմա ոնց պիտի էս թանկ գներով մաքսազերծենք , հետո էլ ավելի թանկ գնով ծախենք։ Մի քանի տարի է արդեն Թուրքիայից հագուստ եմ բերում, որ էստեղ ծախեմ, ընտանիքիս գոյությունը պահեմ, երեք օր է գալիս-գնում եմ ու չեմ կարում մաքսազերծումն անեմ ու հլը Աստված գիտի, թե քանի օր էլ պիտի սենց գնամ ու գամ, որ գոնե էս աշխատողները նորմալ աշխատեն ու իմ վեշը մաքսազերծեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց մի քանի ժամ հերթ կանգնած ներկրողներից մեկը։
Մեկ ուրիշն էլ իր հերթին հավելեց․ «Հերթը շատ-շատ ա, սպասարկողները՝ շատ քիչ, առավոտվա ժամը 9-ից Վանաձորից եկել հասել ենք ստեղ ու 6 ժամից ավել ա ստեղ սպասում ենք, բայց աշխատողներն էլ ասում են, թե հնարավոր է, որ այսօր չստացվի մեր գործարքները անել-վերջացնել, էսօր գնացեք՝ վաղը կգաք, բայց սենց չի լինի, ես չեմ կարա ամեն օր բանուգործս թողած՝ գնամ ու գամ, որ ռաստամոժկա անեմ։ Մենակ ես չեմ էս վիճակում, էստեղ լիքը մարդ կա, որ Գյումրիից է եկել հասել, այլ քաղաքացիներից են եկել, որ կարողանան ռաստամոժկեն անեն։ Վանաձորում էլ մաքսային կետ կա, բայց երբ գնացինք էնտեղ՝ մեզ ասացին, որ պիտի, անպայման, գանք Երևանում էդ հարցերը կարգավորենք»։
Ներկրողներից ոմանք էլ դժգոհեցին, որ մաքսային աշխատակիցները ներմուծված ապրանքը մաքսազերծում են ոչ թե ինքնարժեքով (ինվոյսով), այլ հսկիչ գներով։
«Մենք օրերով էնքան հերթ ենք կանգնում ստեղ, որ ստիպված ինչ գին ասում են՝ վճարում ենք, մենակ թե թողեն գնանք ստեղից, էլ չենք նայում ինվոյսով են մաքսազերծել, թե հսկիչ գներով»,-ասացին նրանք։
Մանրամասները՝ տեսանյութում։








































