Եվրոպային միանալու իր առաջին քայլը ձեռնարկելով` Ադրբեջանը դառնում է համաշխարհային էներգետիկ պաշարների նոր հուսալի աղբյուր և նպաստում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը: Այս մասին նշվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի շնորհավորական ուղերձում` «Շահդենիզ» բնական գազի արտահանման երկրորդ փուլի նախագծում ներդրում կատարելու վերջնական որոշման կապակցությամբ, հաղորդում է Trend-ը:
«Շնորհավորում եմ Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին «Շահդենիզ» բնական գազի արտահանման երկրորդ փուլի նախագծում ներդրումային որոշման կապակցությամբ: Վերջնական ներդրումային որոշումը Ադրբեջանի պատմության մեջ կարևոր փուլի խորհրդանիշ է հանդիսանում: Եվրոպային միանալու իր առաջին քայլը ձեռնարկելով`Ադրբեջանը դառնում է համաշխարհային էներգետիկ պաշարների նոր հուսալի աղբյուր և նպաստում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը: Բազմամյա լարված աշխատանքի արդյունքում հարավային գազային միջանցքի գործարկումը, որն օգտակար է բազմաթիվ գործընկերների և հարևանների համար, նաև կամրապնդի Ադրբեջանի անկախությունը: Ադրբեջանի ապագային վերաբերող ծրագրերի իրականացմանը զուգընթաց` Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից Ձեզ կայուն աջակցություն եմ խոստանում»,- նշվում է շնորհավորական ուղերձում:
Նշենք, որ վերոնշյալ որոշման հետ կապված փաստաթղթերը ստորագրվել են Բաքվում` 2013-ի դեկտեմբերի 17-ին:








































