«Հարավային Կորեայում երիտասարդ տղամարդկանց համար, ովքեր հույս ունեն խուսափել զորակոչից, այնքան հազվադեպ են բացառություններ անում, որ նույնիսկ ամենահայտնի երաժիշտները պարտավոր են ընդմիջել իրենց կարիերան և նստել խրամատներում»,- գրում է The Guardian-ի թղթակից Բենջամին Հաասը:
Սակայն, 12 վոկալիստ ուսանողներ զորակոչից խուսափելու նոր եղանակ են գտել: «Նրանք օրական հինգ անգամ պիցցա և համբուրգեր են կերել, փորձելով քաշ հավաքել և տապալել զորակոչի կետում կատարվող բժշկական ստուգումները: Նրանք առցանց խորհրդատվություններ են փոխանակել և եզրակացրել, որ լավագույն տարբերակը «բարձր կալորիականությամբ սպիտակուցային կոկտեյլների, սննդային հավելումների, ինչպես նաև ալոե հյութի մեծ չափաբաժնով օգտագործումն է՝ հեղուկի հաշվին քաշը պահպանելու նպատակով»՝ վերապատմում է թերթը Հարավային Կորեայի զինված ուժերի կողմից իրականացված հետաքննության արդյունքները:
Լրագրողը պարզաբանում է, որ Հարավային Կորեայում զորակոչից ազատվում են միայն նրանք, ում բժիշկները ճանաչել են ծառայությանը ոչ պիտանի, ինչպես նաև դասական երաժշտության ոլորտում մրցույթների հաղթողները և Օլիմպիադաներում կամ Ասիայի Խաղերում մեդալներ գրաված մարզիկները:
Եթե վոկալիստ-շատակերներին դատարանը մեղավոր ճանաչի, ապա նրանց կզորակոչեն բանակ:












































