ԱՄՆ Գերագույն դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել Յուտա նահանգում միասեռական ամուսնությունների գրանցման վրա, հայտնում է Associated Press-ը:
Արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ 10-րդ շրջանի Վերաքննիչ դատարանը (10th Circuit Court of Appeals) չքննի բողոքը, որը ներկայացվել էր նահանգի իշխանությունների կողմից:
Յուտայի դատախազներն ու խորհրդարանականները պահանջում են անօրինական ճանաչել միասեռական ամուսնությունները:
Միասեռական ամուսնություններն օրինականացվել էին Յուտայում 2013թ. դեկտեմբերի 20-ին: Այս ժամանակահատվածում կնքվել էր ավելի քան 900 միասեռական ամուսնություն:
Յուտան համարվում է ԱՄՆ ամենապահպանողական նահանգներից մեկը, որի բնակիչների 75 տոկոսը մորմոններ են:





































