«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց քարտային ոլորտում բանկի ձեռքբերումները։ Նա նշեց, որ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկը միակ բանկն է Հայաստանում, որ իրականացնում է միջազգային քարտային շուկայի 98% մասնաբաժին ունեցող 3 խոշորագույն քարտային համակարգերի՝ Visa International, MasterCard և American Exspress քարտերի թողարկումն ու սպասարկումը: Բանկը նաև թողարկում և սպասարկում է տեղային Armenian Card համակարգի ArCa քարտերը։
Ըստ Ս.Գիշյանի՝ քարտերով կատարված գործարքների ծավալով և սպասարկման ցանցում կատարված գործարքների ծավալով «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկը հանդիսանում է ոլորտի առաջատարը։ Մասնավորապես՝ 2010 թ. բանկի կողմից թողարկված քարտերով կատարվել է շուրջ 85 մլրդ դրամի գործարք, իսկ բանկի բանկոմատներով և POS տերմինալներով ընդհանուր առմամբ կատարվել է 87 մլրդ դրամի գործարք, որը կազմում է ՀՀ քարտային շուկայի մոտ 20%-ը։







































