Հոլանդական KLM ավիաընկերությունը 200 չվերթ կիրականացնի Փարիզի և Ամստերդամի միջև՝ որպես ինքնաթիռների վառելիք օգտագործելով բուսական յուղը՝ ձեթը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Այսպիսի որոշումը հետևել է Եվրամիության այն պահանջին, համաձայն որի բոլոր ավիաընկերությունները մինչև 2012 թ. վերջ 3%-ով պետք է կրճատեն գազերի արտանետումը մթնոլորտ:
Ինչպես նշել են ավիաընկերությունում, ինքնաթիռները միայն կիսով չափ են լիցքավորվելու ձեթով: Մյուս կեսը լինելու է սովորական ավիացիոն վառելիք: KLM ընկերությունը նախկինում էլ է նման չվերթներ կատարել: 2009 թ. նոյեմբերին Boeing 747 ինքնաթիռը կատարել է մոտ մեկուկես ժամանոց թռիչք՝ լիցքավորված լինելով ձեթով և նավթով: Այն ժամանակ ինքնաթիռում եղել է 40 ուղևոր, որոնց մեջ էր նաև Նիդեռլանդների էկոնոմիկայի նախարարը:
KLM-ը պատրաստվում է ձեթի անցնել արդեն այս տարվա սեպտեմբերից:









































